Մարտի 30-ին` ժամը 23․45-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը Պարոնյան փողոցից մի տղամարդու է տեղափոխել հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր «ալկոհոլային ինտոկսիկացիա»։ Տղամարդու մարմնին նաև վնասվածքներ էին հայտնաբերվել։ Համաներմամբ ազատ արձակված 33-ամյա Կարեն Ավետիսյանը ապրիլի 1-ին գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացավ։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ մահացած տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու օրը վիճել էր Երևանի բնակիչներ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և 33-ամյա Արսեն Օհանյանի հետ։ Նախնական տվյալներով՝ այդ ընթացքում էլ վերջիններս հարվածներ էին հասցրել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Կենտրոնականի ոստիկանները Վազգեն Գևորգյանին հայտնաբերեցին ապրիլի 1-ին ու կասկածանքով բերման ենթարկեցին բաժին։ Ապրիլի 2-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց նաև Արսեն Օհանյանը։ Նրանք և ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել են տարածքային նախաքննական մարմնին։
Վազգեն Գևորգյանն ու Արսեն Օհանյանը ձերբակալվել են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը