«Ավրորա» մարդասիրական նախագիծը հնարավորություն կտա «Միացյալ աշխարհի քոլեջների» ուսանողներին իրենց ներդրումն ունենալ մարդասիրական հրատապ հիմնախնդիրների լուծման գործում: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից:
2019թ. ««Ավրորան»՝ UWC ցանցի դպրոցներին» նախագծի հայտերի ընդունումն սկսված է: Այն հնարավորություն է տալիս UWC ցանցի դպրոցների և քոլեջների ուսանողներին մշակել նախագծեր, որոնք կառաջարկեն մարդասիրական լուծումներ և դրական փոփոխություն կապահովեն համայնքներում: Նախագիծն իրագործելու համար հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: «Երիտասարդական Ավրորա» նախագիծը «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC), Scholae Mundi կրթական հարթակի, Teach for All կրթությունը խթանող ցանցի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համագործակցության արդյունքն է:
Նախագիծն իրականացվում է երրորդ տարին անընդմեջ, որին մինչև հիմա մասնակցել են 17 քոլեջ և դպրոց: Նախկինում ներկայացված նախագիծ-հայտերով առաջարկվել են մարդասիրական ամենատարբեր հրատապ հիմնախնդիրների լուծումներ այն երկրների համար, որտեղ գտնվում էին մասնակից ուսանողների քոլեջներն ու դպրոցները, ինչպես օրինակ՝ Սվազիլենդը, Գերմանիան, Հնդկաստանը և Չինաստանը:
2019թ. ընտրությունը կավարտվի ապրիլի 19-ին: Մրցույթի վերջնական փուլին կմասնակցի երեք թիմ, որոնք Հայաստան կժամանեն և այստեղ կլինեն հոկտեմբերի 16-20-ը «Ավրորա» ֆորումին: Հաղթող թիմը կստանա 4,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ, իսկ մյուս երկու թիմերից յուրաքանչյուրը՝ 500 ԱՄՆ դոլար: «Երիտասարդական Ավրորային» մասնակցության հայտ ներկայացրած բոլոր թիմերի հետ կաշխատեն փորձագետները՝ UWC շարժման և Teach for All ցանցի միջոցով:
«Այս նախագիծն իրականացնողները հավատում են, որ մարդասիրական արժեքների համաշխարհային ճգնաժամի պայմաններում կարևոր է երիտասարդներին համակել ոգեշնչող օրինակներով: UWC-ի կրթական մոդելը միայն գիտելիք տալու մասին չէ, այն նաև կրթում է ապագա առաջնորդների՝ նրանց փոխանցելով մարդասիրական ուժեղ արժեքներ, ձևավորում է առաջնորդների, որոնք հոգ կտանեն իրենց համայնքների և, ընդհանրապես, հասարակության մասին: «Երիտասարդական Ավրորան» հնարավորություն է տալիս նրանց, գործի դնելով իրենց գիտելիքը, հմտությունները և ձգտումները, մշակել և իրագործել հատուկ ծրագրեր, որոնք կունենան չափելի ազդեցություն: Այն խրախուսում է երիտասարդներին՝ փոփոխություն բերել և հասարակության մեջ դրական դերակատարներ դառնալ վաղ տարիքից»,- ասաց UWC
Դիլիջան միջազգային դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ և «Scholae Mundi»-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:
Առաջարկվող նախագծերը գնահատում է հարգարժան մարդկանցից ձևավորված Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են ձեռներեցներ, բարերարներ և համաշխարհային առաջնորդներ: Յուրաքանչյուր նախագիծ գնահատելիս հաշվի է առնվում դրա յուրօրինակությունը, կայունությունը, հետազոտության որակը, ազդեցության ներուժը, նվիրվածությունը և ինքնաանդրադարձումը (որքանո՞վ են խմբի անդամներն իրենց դերն ընկալում մարդասիրական նախագիծ ստեղծելիս):
««Ավրորա» մարդասիրական նախագծի առաքելությունն է՝ աջակցել ուսանողների նախագծերին, որոնք առաջարկում են լուծումներ և կայուն մոտեցում համապատասխան խնդիրների համար: Ոչ ոք անտարբեր չպետք է լինի ուրիշների տառապանքների նկատմամբ, և «Ավրորայի» ոգին սովորեցնում է այս երիտասարդներին, որ նրանք կարո՛ղ են և պե՛տք է, որքան նրանց ուժերը ներում են, օգնության ձեռք մեկնեն կարիքի մեջ գտնվողներին: Ընդհանրապես, կրթությունը կարևոր է, իսկ այս դասը կարող է ամենաարժեքավորներից մեկը դառնալ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան:
«Չափազանց ուրախ ենք, որ UWC-ի ուսանողներն ամբողջ աշխարհում ևս մեկ անգամ կընդունեն մարտահրավերը և «Ավրորա» մարդասիրական նախագծի միջոցով էական փոփոխություն կբերեն: «Երիտասարդական Ավրորան» լավ հնարավորություն է մեր ուսանողների համար՝ «զարգացնելու մարդասիրական մկանները» և իրենց ստացած կրթությունը գործի վերածելու: Նորից և նորից իդեալիզմի, անձնուրաց լիդերության և կարեկցանքի միջոցով UWC-ի ուսանողներն իրենց օրինակով ցույց կտան, թե ինչ է նշանակում ապրել՝ համաձայն UWC-ի առաքելության»,- ասաց UWC International-ի գործադիր տնօրեն Յենս Ուոլթերմանը:
2018-ին հաղթող էր ճանաչվել «HOPE» նախագիծը, որը մշակել էին UWC Չանգշու Չինաստանի ուսանողները: «HOPE»-ը ստեղծվել էր երեխաների նկատմամբ սեռական բռնությունը կանխելու համար՝ տրամադրելով դասընթացներ Չանգշուի և դրան հարակից տարածքներում գործող դպրոցներում և առցանց, երեխաներին և ուսուցիչներին սովորեցնելով, թե ինչպես պայքարել սեռական բռնության դեմ և կանխել այն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը