11 03 2019

Հանապազօրյա հացից կզրկվի 1 300-ից ավելի աշխատակից․ նամակ՝ Կառավարությանը

Հանապազօրյա հացից կզրկվի 1 300-ից ավելի աշխատակից․ նամակ՝ Կառավարությանը

Ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների ՀՀ կառավարության շենքի առջև մարտի 11-ին բողոքի ակցիա իրականացրած գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները հրապարակել են կառավարությանը փոխանցած նամակը:

«Այսօր մենք մեր մտահոգություններն ու առաջարկները ներկայացնող նամակ հանձնեցինք կառավարություն։ Վաղը նույնաբովանդակ նամակ կհանձնենք նաև Ազգային ժողով։ Դրան զուգահեռ չենք դադարեցների մեր բողոքի ձայնը բարձրացնել նաև ակցիաների միջոցով:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000 %-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք, որ արդյունքում երկրում գործազրկության նոր ալիք կբարձրանա, իր հանապազօրյա հացից կզրկվի ոլորտի ավելի քան 1 300 աշխատակից՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 միլիոն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կառավարությանը ներկայացրած նամակը՝ ստորև.

«Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է շուրջ 140 գրավատուն: Նշված գրավատների կեսից ավելին իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ ՀՀ մարզերում: Հայաստանի Հանրապետությունում գործող գրավատներում միջինացված աշխատում են 4-5 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը  150 000 ՀՀ դրամ է:

Քաղաքացիները դիմում են գրավատուն, որպեսզի հնարավորինս արագ ստանան կարճաժամկետ վարկեր իրենց  մոտ ծագած հրատապ խնդիրները լուծելու համար, որը կլինի թե՛ առողջական, թե՛ կոմունալ կամ սոցիալական այլ խնդիրներով պայմանավորված:

Փոխառու միջոցների հասանելիությունը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին բավարարել իրենց դրամի նկատմամաբ պահանջարկը: Երբեմն այդ պահանջարկը կարող է առաջանալ ծայրահեղ իրավիճակների հետևանքով, ինչը կարող է ստիպել նման իրավիճակում հայտնված անձին գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև հանցագործության: Բանկերը իհարկե իրականցնում են համապատասխան գործառույթ, սակայն այնքան հասանելի չեն դարձնում վարկային միջոցները հասարակության անդամներին, որքան գրավատները: Բացի այդ բանկերը առանց մրցակցության կարող են հանգեցնել իրենց ծառայությունների թանկացման և դրանցից օգտվողների վիճակի վատթարացմանը: Որքան բարդ է վարկ ստանալը, այնքան թանկ է վարկը վարկառուի համար։ Եթե շուկայում վարկեր առաջարկողները նվազեն, մցակցությունը փոքրանա, ապա  վարկային հարաբերություններում վարկատուն է դառնում թելադրող վարկառի համար:

Գրավատների առավելությունները բանկերի և վարկային կազմակերպությունների  համեմատ

1.    Վարկավորում են բացառապես ՀՀ դրամով, այսինքն՝ իրենց վրա են վերցնում ֆինանսական ռիսկերը. Դրամի արժեզրկում, Փոխարժեքի տատանում և այլն

2.    Վարկավորում են վատ վարկային պատմություն ունեցող անձանց

3.    Վարկավորում են առանց եկամուտ հավաստող փաստաթղթերի պահանջի

4.    Վարկավորում են առանց հաճախորդի վարկունակության ուսումնասիրության

5.    Վարկավորում են ցանկացած շարժական գույքի գրավի դիմաց

6.    Վարկավորում են արագ և շուրջօրյա ռեժիմով

7.    Ժամկետանց վարկերի դեպքում վնաս չեն հասցնում վարկառուի վարկային պատմությանը

8.    Գրավի առարկայի իրացման դեպքում լրացուցիչ պահանջ չեն ներկայացնում վարկառուին ինչպես բանկերը և վարկային կազմակերպությունները՝ էլ ավելի վատթարացնելով վարկառուի վիճակը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքը ավելանում  է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝  100 000 ՀՀ դրամից դառնալով 6 000 000 (վեց միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված  օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող գրավատների մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող  գրավատները կփակվեն հիմնովին, քանի որ մարզերում գրավատների պորտֆելը համեմտաբար փոքր է քան Երևանում, և մարզերի բնակիչները ընդհանրապես կզրկվեն նմանատիպ ծառայություններից:

Փոխանակման կետեր

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են շուրջ 200 փոխանակման կետեր: Նշված փոխանակման կետերի մեծամասությունը իրենց գործունեությունը ծավալում են Երևան քաղաքում, իսկ մնացածները՝ մարզերում: ՀՀ-ում գործող փոխանակման կետերում միջինացված աշխատում են 2-3 աշխատակից, որոնց միջին աշխատավարձը 100 000 ՀՀ դրամ է:

ՀՀ-ում գործող փոխանակման կետերը գտնվելով առևտրի ու սպասարկման կետերին մոտ և աշխատելով ավելի երկար աշխատանքային ռեժիմով՝ ծառայություններ են մատուցում ՀՀ քաղաքացիներին և Հայաստան այցելած զբոսաշրջիկներին, նպաստելով ապրանքների և ծառայությունների դիմաց ազգային արժույթով վճարմանը, բացառելով արտարժույթով կատարվող գործարքների իրականացմանը:

Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով փոխանակման կետերի պետական տուրքը ավելանում է 60 անգամ կամ 6 000 տոկոսով՝ 50 000 ՀՀ դրամից դառնալով 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ: Վերը նշված օրենքի այդպիսի փոփոխության արդյունքում ՀՀ-ում գործող փոխանակման կետերի մեծամասնությունը կփակվի, իսկ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող  փոխանակման կետերը կփակվեն հիմնովին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ