11 03 2019

Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումից մինչև ԼՂ-ի շուրջ նոր գործընթացներ. Ակտիվ Facebook

Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումից մինչև ԼՂ-ի շուրջ նոր գործընթացներ. Ակտիվ Facebook

Աղվան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կան հարցեր , որոնք պետք է պարզաբանել:

Մամուլում եղավ տարբեր շեշտադրումներ կապված Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ: Մասնավորապես՝ անազատության մեջ գտվող նախագահ Քոչարյանը ազդակ էր հղել Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:  «Հայկական կողմը զիջումներ անելու պատրաստակամության առումով չափից ավելի բարձր սպասումներ առաջացրեց՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ համանախագահների մոտ։ Ու հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, որ Մինսկի խմբի հաջորդ առաջարկներն առանձնապես դուրեկան չեն լինելու»:  Թերևս, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մի քանի օր անց եղավ հայտարարություն, որում կար հստակ ձևավորված ուղերձ՝ ուղղված Հայաստանին: Միջազգային հանրությունը ստիպում է նստել բանակցությունների՝ կոնկրետ օրակարգով ու կարգավորման կոնկրետ շրջանակներով։  Մեկուսացման մեջ գտվող Քոչարյանը ընդամենը քայլերի ճիշտ հաջորդականության հաշվարկ էր արել, հստակ տիրապետում է հաջորդիվ տեղի ունեցող գործընթացներին: Բնականաբար, Քոչարյանին անազատության մեջ պահող ուժերին սա պետք է անհանգստացնի, քանի որ, գտնվելով անազատության մեջ, հստակ մատնանշում է Արցախի ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները: Ակներև է, որ Քոչարյանի ձերբակալությունը ոչ մի կապ չունի՝ ո՛չ մարտի մեկի, ո՛չ փողերի լվացման, ո՛չ էլ սահմանադրական կարգի տապալման հետ:  Հատկանշական մասը՝ անազատության մեջ գտնվող Քոչարյանն ասում է, որ ինքը խանգարելու է Ղարաբաղի հանձնմանը, որտեղ էլ որ լինի։  Ես ուզում եմ ընդգծել, որ Քոչարյանի ձերբակալությունը թերևս կապված է Արցախի հարցի հետ, ու երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Արա Վարդանյանը ֆյեսբուքյան իր էջում գրել է.

«Ես իմ կյանքից 4 տարի նվիրել եմ Վարդենիս - Մարտակերտ ճանապարհի կառուցմանը։ Այն Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն նորանկախ Հայաստանի և Արցախի ամենաորակյալ ճանապարհներիցա։ Այս ճանապարհը կարևորագույն դերակատարություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։  Ասածս ինչա, ինչ ուզում են ադրբեջանցիք թող ասեն, մենք տալու հող չունենք։ Երբ խոսում են Քարվաճառի մասին, միշտ հիշում եմ այն մարդկանց ում շնորհիվ ճանապարհը կառուցվեց։ Մոռացեք թե երբևվիցե այդ ճանապարհը կարող է փոխանցվել ուրիշներին։ Անգլերեն ավելի լավ է հնչում՝ over my dead body».

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՂԱՐԱԲԱՂ՝ ՏՐՈՀՈՒՄ ԹԵ՞ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱ

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող արտաքին գործընթացները խիստ մտահոգիչ են, որքան էլ գործող իշխանությունները փորձեն չտեսնելու տալ կամ չխոստովանել սա:

Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը հաջորդող Հայաստանի ԱԳՆ արագ արձագանքի բովանդակությունը վկայում է, որ գոնե արտաքին գերատեսչությունում կա խնդրի լրջության իրական ընկալումը: Հայաստանի ԱԳ-ն վերջապես Արցախին վերաբերող իր պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Բնական է, որ առավել կոշտ էր Արցախի իշխանությունների արձագանքը:

Անկախ ներքաղաքական զարգացումնրեից, Արցախի հարցը ազգային անվտանգության և արժանապատվության խնդիր է, որն ի զորու է գեներացնել ինչպես իշխանափոխության (օրինակ՝ 1997-98 թթ), այնպես էլ ազգային կոնսոլիդացիայի գործընթացներ (1992-1994 թթ և Ապրիլյան պատերազմ):

Որ ճանապարհով կընթանան պրոցեսները, հիմնականում կախված է Նիկոլ Փաշինյանից: Ի՞նչը կհաղթի իր մեջ՝ պետական մտածողության տարրը, թե՞ քաղաքական հաշվեհարդարի չհագեցող քաղցը, ցույց կտա ժամանակը»:

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական բանակի դժբախտ պատահարները։

Այսօր մահացել է 1995 թ. ծնված Մաջիդ Մամմադռահիմովը Գախ շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում։ Նրա հետ մահացել է ևս մեկ զինծառայողը , որի տվյալները դեռ անհայտ են։ Պաշտպանության նախարարությունը տեղեկություններ չի տրամադրել մահացած զինծառայողների մասին։

Դաշքեսենի բնակիչ, ադրբեջանական բանակի սերժանտ Սեխավեդ Մամեդովը կրծքավանդակի շրջանում վիրավորում է ստացել Իրանի զինված ուժերի կողմից:

Պետական սահմանապահ ծառայության մեկ այլ զինծառայող 1999 թ. ծնված Շեհրիյար Բայրամովը իրանա-ադրբեջանական սահմանի կրակոցների պատճառով մահացել է։

Երեք օր առաջ ձնաբքի պատճառով անհայտ կորել էին 2 զինծառայող, որոնց մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։

Այս ամենին գումարած ադրբեջանական կողմը իրականացնում է մեծ զորավարժությունը մարտի 11-15-ը ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով շուտով կլինեն մի շարք դժբախտ պատահարներ։ Կասկածներ կան, որ այսօր ավտովթարի արդյունքում մահացած զինծառայողները հենց տուժել են զորավարժություններին մեկնելու ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ