14 02 2019

Երևանում կինը մահացել է բժշկին հերթում սպասելիս․ Սպուտնիկ Արմենիա

Երևանում կինը մահացել է բժշկին հերթում սպասելիս․ Սպուտնիկ Արմենիա

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը`ժամը 14։20-ի սահմանում, մահվան դեպք է գրանցվել։

Ականատեսները Sputnik Արմենիային պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։

Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

Այս տեղեկությունը հաստատել է նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։

«Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասել է Հարությունյանը։

Պոլիկլինիկայի տնօրենը հաստատել է նաև, որ իրենք շտապօգնություն են զանգահարել։ Հարցին, թե արդյոք պոլիկլինիկան չունի՞ անհրաժեշտ միջոցները նման դեպքերում հիվանդին օգնություն ցույց տալու համար, Հակոբ Հարությունյանը պատասխանել է․ «Պոլիկլինիկան էլ ունի։ Մենք շտապօգնություն ենք կանչել վերակենդանացման համար։ Ինչ որ պետք է, մե՛նք էլ ենք արել, իրե՛նք էլ, բայց չենք հասցրել»։

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվել է այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ