«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլ են անում՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Վարորդները կրկին հավաքվել էին Ջրվեժում գտնվող ավտոբուսի պարկում, քանի որ խոստացված երեք ժամվա ընթացքում իրենց պահանջը չէր կատարվել:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար է, վարորդները կրկին նույն պահանջով էին հավաքվել:
Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա:
Սակայն պարկում հավաքված վարորդները չհամաձայնեցին Կարապետյանի հետ, նրանցից մեկը հիշեցրեց, որ Թարփոշյանի դիմում գրելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է իրենց հետ, վստահեցրել, որ դիմումը չի բավարարվելու, սակայն հետո միտքը փոխել է։ Վարորդները 3 ժամ էին տվել խնդիրը լուծելու համար, սակայն նրանց պահանջը չէր կատարվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը