06 02 2019

Երևանը՝ Լապշինի աչքերով․ ֆոտոշարք

Երևանը՝ Լապշինի աչքերով․ ֆոտոշարք

Երևանում գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում ներկայացրել է Երևանից ստացած տպավորությունների առաջին մասը՝ հրապարակելով երևանյան տարբեր ուշագրավ վայրերի և շինությունների ֆոտոշարք։ Բլոգերը նշում է, որ քաղաքին ավելի խորությամբ ծանոթանալուն զուգահեռ ավելի շատ կպատմի Երևանի մասին։

«Երևանում հետխորհրդային դարաշրջանը հետաքրքիր շատ բան է թողել, հիմնականում մոդերնիզմի ոճում»,- գրում է Լապշինը երևանյան ճարտարապետության մասին։

Բլոգերը լուսանկարել է քաղաքի ինչպես խորհրդային մոդերնիզմին պատկանող շենքերը, այնպես էլ քիչ հայտնի վայրերը։ Լապշինը նշում է, որ դրանցից շատերը դժվարհասանելի վայրերում են և լավագույն վիճակում չեն։

«Որոշ վայրերի դատարկությունը և ավերածությունները տխրեցնում են։ Ամեն դեպքում, ճարտարապետությունը, որը լցված է ուտոպիստական ռոմանտիկայով և անսասան հմայքով, չափազանց հետաքրքիր է»,- նշում է նա։

«Ինչպես ասում է իմ բարի ընկեր Ռուբեն Փաշինյանը, մայրաքաղաքը կարող էր դառնալ Հարավային Կովկասի ամենահրաշալի քաղաքը, սակայն քաղաքական և տնտեսական գործոնները թույլ չեն տվել ամբողջովին իրագործել ծրագրերի մեծ մասը։ Վերցնենք, օրինակ, ուշ խորհրդային դարաշրջանի մեգապրոեկտը, որը հայտնի է «Կասկադ» անունով և Երևանի խորհրդանիշերից մեկն է։ Այս վայրը կարևոր է լուսանկարել ճիշտ ռակուրսից, որպեսզի կադրում չհայտնվեն Կասկադի` մինչև վերջ չկառուցված վերին հատվածը և սարսափելի փոսերը։ Նայեք, սա իմ նկարածն է, նկարել եմ այնպես, որ չփչացնեմ քաղաքի համայնապատկերը»,- գրում է Լապշինը։

Բլոգերը հավելում է․ «Իսկ այս նկարն արվել է մի քանի տարի առաջ, սակայն առանց «կտրելու» կիսակառույց հատվածները։ Ինչպես հասկանում եք, ոչինչ չի փոխվել և հազիվ թե փոխվի մոտ ապագայում։ Ի՞նչ անել սրա հետ․․․այնպիսի զգացում է, որ ամենահեշտը և ամենաէժանը կլինի այն հողով ծածկելը և այգի կառուցելը։ Իսկ նրանց, ովքեր հավատում են Կասկադի մինչև վերջ կառուցմանը, կարելի է հիշեցնել, որ դրա հրամար պետությունը պետք է 500-700 մլն դոլար ներդրում անի, ինչը պարզապես չկա բյուջեում։ Իսկ եթե այգի ստեղծվի, այն մոտ 100 միլիոն դոլար կարժենա, ինչն առավել իրատեսական է հնչում։ Մի բան պարզ է․ այս սարսափն այսպես թողնել չի կարելի»։

Բլոգերը լուսանկարել է նաև Երևանի մետրոյի կայարանները։ Լապշինը նշում է, որ մետրոյի կայարաններից յուրաքանչյուրն իր ունիկալ ոճն ունի։ Հետագայում ուղղում է իր խոսքը՝ նշելով, որ կան նաև ձանձրալի կայարաններ (նկատի ունի Բարեկամության կայարանը)։

Նա գրել է, որ մետրոյի՝ Հանրապետության հրապարակին կից կայարանի չաշխատող շատրվանները «թեթև», բայց հետաքրքիր ապոկալիպսիսի տպավորություն են թողնում։ Իսկ «Երիտասարդական» կայարանի շինության մասին բլոգերը նշում է, որ նման շինություն դժվար թե լինի նախկին ԽՍՀՄ պետությունների տարածքում։

Փակ շուկայի շինությունը բլոգերը բնորոշում է որպես ազգային կոլորիտի տարրերով հանճարեղ գործ։

Լապշինը եղել է նաև Մանկական երկաթուղում։ Նա հիշեցնում է, որ այն նախկին ԽՍՀՄ-ի ամենահին երկաթուղիներից է, կառուցվել է 1937 թվականին և շատ քիչ է զիջում թբիլիսյան երկաթուղուն, որը գործում է 1935 թվականից։ «Գիտե՞ք՝ ինչն է տխուր։ Մանկական երկաթուղին անցել է Հայաստանի ութսունականների վերջի և իննսունականների սկզբի ամենածանր օրերը՝ Ղարաբաղյան պատերազմ, երկրաշարժ, ԽՍՀՄ փլուզում, ավերածություններ և հիասթափություններ։ Եվ չնայած այս ամենին՝ երեխաները շարունակում էին ուրախանալ այս ատրակցիոնով։ Սակայն իննսունականների վերջին, երբ հանրապետությունում իրավիճակը քիչ թե շատ կայունացավ, երևանյան մանկական երկաթուղին վերջնականապես փակվեց։ Եվ երկար տարիներ լքվածէր, մինչև որ 2015 թվականին չսկսեցին այն նորոգել»․- նշում է բլոգերը։

Բլոգերը հիացած է վարդագույն տուֆով կերտված երևանյան շենքերով և նշում է, որ դրանք ունիկալ են, և ոչ մի տեղ չես հանդիպի նմանատիպ ճարտարապետական կառույցներ։

«Ռոսսիա» կինոթատրոնի շենքի մասին խոսելով՝ Լապշինը նշում է, որ եթե չիմանանք, որ լուսանկարն արվել է Երևանում, ապա կարելի է կարծել, թե բուդդիստական վանք է, օրինակ, Թաիլանդում։

Անդրադառնալով Երևանում նոր ճոպանուղու գործարկման ծրագին՝ Լապշինը նշում է, որ իր հայ ընկերները կասկածամտությամբ են ընդունել այն, քանի որ մեծ ֆինանսներ են հարկավոր, իսկ հարկատուն հաճախ վստահ է, որ իր վճարած հարկի փոքր մասն է հասնում բյուջե։ Բլոգերը հիշեցնում է, որ 1967-2004 թվականներին Երևանում գործել է ճոպանուղի, որը վթարից հետո այլևս չի գործարկվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ