30 01 2019

Հայաստանյան մամուլի նկատմամբ բռնության դեպքերը՝ 2018 թվականին

Հայաստանյան մամուլի նկատմամբ բռնության դեպքերը՝ 2018 թվականին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2018թ. Տարեկան զեկույցը, ըստ որի արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպք։ Այդ 26 միջադեպերից 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից 4 գործ մտել է դատարան:

Ամբողջական զեկույցը ներկայացնում ենք ստորև.

2018 թվականը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված և բարդ ժամանակաշրջան էր՝ պայմանավորված երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ ու հետագա քաղաքական զարգացումներով՝ ՏԻՄ և ԱԺ արտահերթ ընտրություններով։

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի դիտարկումների՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների գերակշիռ մասը գրանցվել է ապրիլին՝ հեղափոխության ամենաթեժ շրջանում։ Արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 և մասնագիտական գործունեության խոչընդոտումների 8 դեպք։ Այդ 26 միջադեպերից 15-ի առնչությամբ է քրեական գործ հարուցվել, դրանցից 4 գործ մտել է դատարան, որից առայժմ միայն 3-ով է դատավճիռ կայացվել։ Մնացած դեպքերով կամ ի սկզբանե քրեական գործ չի հարուցվել, կամ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, կամ էլ արդեն հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրություններին, ապա դրանք շահեկանորեն տարբերվեցին բոլոր նախորդներից նաև լրագրողների ու լրատվամիջոցների անկաշկանդ գործելու առումով։ Հակառակ ձևավորված վատ ավանդույթի, երբ ընտրությունները զուգորդվում էին ԶԼՄ-ների աշխատակիցների իրավունքների բազմաթիվ խախտումներով, այս անգամ դրանք սակավաթիվ էին։ Այսպես, Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում գրանցվել է 1 բռնության և 1 մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստ, ԱԺ ընտրությունների օրը լրագրողների ու օպերատորների նկատմամբ ուժ կիրառելու փորձ անգամ չի եղել, իսկ մասնագիտական գործունեության խոչընդոտման 3 դեպքից 2-ը տեղում հարթվել են, իսկ 1-ն ուղարկվել է քննության։

Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ի ընթացքում գրանցվել է լրագրողների ու օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 21 դեպք, ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 67 է, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներինը՝ 98։ 

Հետհեղափոխական շրջանում լուրջ մտահոգություն է առաջացրել իրավապահ մարմինների կողմից «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունն ու սարքավորումների առգրավումը, իսկ նախընտրական ժամանակահատվածում՝ ապօրինի գործողությունները «News.am»-ում և «Aysor.am»-ում, որոնց հրապարակված նյութերի «հիմքեր» և տեսագրություններ տրամադրելու պահանջներ են ներկայացվել։

2018 թվականին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվել է 13  նոր դատական հայց։ Դրանք բոլորը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով են։ Հայցվորների թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև՝ կան դեպքեր, երբ ԶԼՄ-ին դատի է տվել ԶԼՄ-ն, ընդ որում՝ մեկ դեպքում դա լրագրողի ֆեյսբուքյան գրառման համար է։

2018-ի ընթացքում դատարանները 9 վճիռ կայացրել են ի վնաս ԶԼՄ-ների ու լրագրողների և 10 վճիռ՝ հօգուտ նրանց։

Հեղափոխությամբ պայմանավորված քաղաքական պայքարի ընթացքում սոցիալական մեդիայում լայն տարածում ստացան ատելության խոսքը, վիրավորանքն ու զրպարտությունը։ Այդ առնչությամբ իրենց մտահոգություններն են արտահայտել տարբեր քաղաքական ուժերի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Թեև հետընտրական շրջանում ատելության խոսքի ծավալները սոցցանցերում նկատելիորեն նվազեցին, վիճակն առայժմ վաղ է բարվոք համարել։

Տարվա ընթացքում ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը։ Վերջին երկու տարիների ընթացքում դրանցում նոր մեղադրյալներ կամ գոնե կասկածյալներ ի հայտ չեն եկել, ինչը վկայում է նախաքննության անարդյունավետության մասին։ Ավելին՝ 2018թ. սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը կասեցրեց «Սարի թաղի» գործով վարույթը՝ «որպես մեղադրյալ ներգրավվող անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ։ Երկու տուժած լրագրողներ ԽԱՊԿ-ի աջակցությամբ այդ որոշումը բողոքարկում են դատական կարգով։

2018 թվականին չլուծված մնաց հեռարձակման ոլորտի ամենալուրջ խնդիրներից մեկը՝ մասնավոր հեռարձակման ցանցի՝ մուլտիպլեքսի ստեղծման հարցը։ Դեկտեմբերի 28-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չկայացած հայտարարեց 6 ամիս ընթացող մրցույթը, քանի որ սահմանված ժամանակահատվածում ոչ մի դիմում չէր ներկայացվել։ Սա արդեն երրորդ անպտուղ մրցույթն է։ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպություններն այս խնդրի առնչությամբ բազմիցս հայտարարել են, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում հեռարձակման մասնավոր թվային ցանց ստեղծելու համար նախատեսված պայմաններն ու պահանջներն անիրատեսական են և ոչ հրապուրիչ բիզնեսի տեսանկյունից և չեն նպաստում ոլորտի զարգացմանը։ Հետևաբար՝ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։

Ի տարբերություն հեռարձակման ոլորտի՝ հայաստանյան առցանց մեդիան նկատելիորեն բարելավել է իր դիրքերը։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակված «Համացանցի ազատությունը 2018 թվականին» զեկույցում Հայաստանը «մասամբ ազատ» երկրների ցանկից տեղափոխվել է «ազատ»-ների շարքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ