Հունվարի 29-ի գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:
Գ. Շամշյանը հայտնում է նաեւ, որ ռեստորանի բակն ու հարակից տարածքը հիշեցնում է մարտի դաշտ: Գործի է դրվել մի քանի տեսակի զենքեր, այդ թվում «Մակարով» եւ «TT» տեսակի ատրճանակներ, ռեստորանի եւ դրան հարակից տարածքում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, երկաթե լինգ որի վրա առկա է արյան հետք, եւ արյունոտ գլխարկ:Ռեստորանի կուպեներից մեկում հայտնաբերվել են «կառտեր», եւ այդ կուպեն քննիչի որոշմամբ փակվել է, որպեսզի հատուկ փորձագետները զննություն կատարեն:
Գ.Շամշյանի տեղեկություններով, վիրավորների մեջ են ԱԺ նախկին պատգամավոր Մ. Մանուկյանի ազգականները:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ հիվանդանոց են տեղափոխվել 23-ամյա Արթուր Թովմասյանը, 26-ամյա Հայկ Մանուկյանը, 33-ամյա Ռոման Հարությունյանը, 27-ամյա Գոռ Գինոսյանը, 21-ամյա Ջիվան Հարությունյանը, 36-ամյա Վահրամ Գրիգորյանը։ Նրանք տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, բոլորն էլ տարբեր՝ աստիճանի վնասվածքներով և բոլորն էլ Աբովյան քաղաքի բնակիչներ են, իսկ մահացածն էլ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արտաշես Գևորգյանն էր, նա նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը