28 01 2019

Բանակի օրը՝ մեղադրանք շալակած բանակը կերտողներով և բանակից խուսափած իշխանությամբ

Բանակի օրը՝ մեղադրանք շալակած բանակը կերտողներով և բանակից խուսափած իշխանությամբ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: 1992-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Նրա ենթակայությանը հանձնվեցին զինվորական հետևյալ միավորները՝ ՆԳՆ պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինկոմիսարիատը։ Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը՝ գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները ստեղծվեցին ավելի ուշ։

Պաշտպանության առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը, ում ժողովուրդը համարում է բանակի գլխավոր կերտողներից կեկը և անվանում «Սպարապետ»:

1992 թ. մայիսին պաշտպանության նախարարությունը «Զինապարտության մասին» օրենքով հիմք դրեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կարգին։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992 թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը։

Անկախ Հայաստանի զինված ուժերի կանոնավոր զորամիավորումներն ու զորատեսակները, ինչպես նաև սպայական կազմը ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի կազմակերպական հիմքի վրա։ Նորաստեղծ Հայկական բանակի սպառազինությունը և ռազմական տեխնիկան ժառանգություն էր մնացել նույն խորհրդային բանակից։ Աստիճանաբար աճեց զինվորականների թիվը։

Հայոց բանակը, կազմավորման առաջին օրից, «մկրտությունը» ստացավ Ադրբեջանի հետ պատերազմում՝ այն ավարտելով հաղթանակով:

«Բանակի օրը» տոնացույցում հայտնվեց որպես պաշտոնական տոնական օր 2001 թվականի հունվարի 6-ից, երբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունները:

2002 թվականին ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ արեց օրենքում՝ բանակի օրը դարձնելով ոչ աշխատանքային:

ՀՀ զինված ուժերը կազմված են պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։ Մշտական բանակաշինության արդյունքում Հայոց բանակն այսօր պետության ամենակազմակերպված ու վստահելի միավորները կարելի է համարել:

Ստացվել է այնպես, որ Հայաստանում 2018թ. Իշխանափոխությունից հետո իշխանության են եկել հիմնականում մարդիկ, որոնք տարբեր պատճառներով ազատվել են բանակում ծաայությունից: Բանակից խուսափած նոր իշխանությունն էլ քրեական գործեր է հարուցել բանակը կերտողների նկատմամբ: Նրանք կամ կալանավորված են կամ հետախուզման մեջ են գտնվում կամ էլ ստորագրությամբ են բաց թողնված:

Ռոբերտ Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս, կալանավորված է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Միքայել Հարությունյան, գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Ազգային Անվտանգության Խորհրդի նախկին քարտուղար, ՀԱՊԿ նախկին Գլխավոր քարտուղար: Մեղադրվում է 2008թ. ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Սեյրան Օհանյան, գեներալ-գնդապետ, ԼՂՀ և ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս: Մեղադրվում է սահմանադրական կարգը 2008 թվականին տապալելու մեջ:

Արթուր Աղաբեկյան, գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, ԼՂՀ նախկին փոխվարչապետ, ԼՂՀ նախագահի խորհրդական, Արցախի հերոս: Մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։

Հայաստանն ունի զինվորական 4 գեներալ-գնդապետ: Նրանցից երեքը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Արցախի հերոսներից ողջ են 16-ը, որոնցից նույնպես 4-ը մեղադրյալի կարգավիճակ ունեն Նոր Հայաստանում: 

Այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ արդարադատություն անվան տակ, շատերը համարում են ոչ այլ ինչ, քան բանակի նվաստացում՝ կրկնում ենք՝ բանակից խուսափածների ձեռքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ