ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն...» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:
Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի 4.2 կետի համաձայն ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչած պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերությանը տրամադրել են 255 մլն 628 հազար դրամ արժեքի մետաղյա սալիկներ և այլ գույք: Դրանից 107 մլն 872 հազար դրամ արժեքի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ: Բացի դրանից, նախարարությունում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է նաև, որ առկա է ընկերության կողմից նախարարությանը վերադարձված և վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 147 մլն 756 հազար ՀՀ դրամ արժեքի սալիկներից ընդհանուր 7 մլն 537 հազար դրամի 478 հատ մետաղյա սալիկների պակասուրդ:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը