23 01 2019

Երկրներ, որտեղ չարժե գնալ 2019 թվականին

Երկրներ, որտեղ չարժե գնալ 2019 թվականին

Եթե Դուք այժմ ծրագրում եք, թե որտեղ գնալ ճանապարհորդելու 2019 թվականին, ապա միջազգային փորձագետների նոր հետազոտությունը ձեզ կօգնի ավելի արագ ընտրություն կատարել արձակուրդների համար։ Մասնագետները վերլուծել են աշխարհի յուրաքանչյուր երկրում տիրող իրավիճակը և հրապարակել են զբոսաշրջիկների համար այս տարի ամենաանվտանգ վայրերի ինտերակտիվ քարտեզը։

AdMe.ru-ն ուշադիր զննել է աշխարհի քարտեզը և պարզել, թե ինչու Իրան այցելությունը 2019 թվականին նույնքան թեթև և հաճելի կլինի, որքան ճամփորդությունը ցանկացած եվրոպական երկրում, իսկ Եգիպտոսում կամ Թաիլանդում հանգիստը կարող է ռիսկային և արկածալի դառնալ։

1․ Եգիպտոս և Մարոկկո

 

Եվրոպական որոշ երկրների կառավարություններ խորհուրդ են տալիս հետաձգել Եգիպտոս այցերը, մինչև որ երկրում լարվածությունը նվազի։

Որպես աֆրիկյան մայրցամաքում այլընտրանքային երկիր՝ կարելի է ընտրել Մարոկկոն, որը, հետազոտության տվյալներով, անվտանգ է համարվում ճամփորդությունների համար։ Այստեղ առավոտյան կարելի է լողալ Ատլանտիկ օվկիանոսում, իսկ ճաշին կարելի է հասնել Միջերկրական ծով։ Նրանք, ովքեր սիրում են պարզապես քայլել քաղաքով և գտնել յուրօրինակ հուշանվերներ, միանգամից կսիրահարվեն տեղի գույնզգույն տնակներին։ Իսկ էքստրիմի սիրահարները կարող են լինել աշխարհի ամենահայտնի անապատում։

2․ Իսպանիա և Սլովենիա

Իսպանիան դարձել է բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն ցավոք, նաև ապօրինի գաղթականների սիրած վայրերից։ Այդ իսկ պատճառով արժե զգուշանալ այս երկիր այցելուց։ Եթե Դուք ցանկանում եք ճամփորդել հենց Եվրոպայում, Իսպանիային կարող է փոխարինել  Սլովենիան, որը հայտնվել է տարվա անվտանգ երկրների թվում։ Ի դեպ, Ձեզ կուրախացնեն նաև ցածր գները։

3.  Էստոնիա և Ֆինլանդիա

Շատ քիչ հավանական է, որ Ձեզ կարող են լուրջ տհաճություններ սպասել Էստոնիայում։ Չնայած, փորձագետների կարծիքով, այս երկիրն իդեալական չէ ճամփորդությունների համար։ Զբոսաշրջիկները կարող են այստեղ հանդիպել գրպանահատների։

Ֆինլանդիան զբաղեցնում է անվտանգ երկրների ցանկի առաջին հորիզոնականը, և կարող է փոխարինել Էստոնիային՝ զբոսաշրջիկներին տարբեր զվարճանքներ առաջարկելով։

4․ Թունիս և Գամբիա

Եվրոպական երկրներից ժամանակին զբոսաշրջիկների շրջանում հայտնի Թունիսն այժմ այնքան էլ խորհուրդ չի տրվում մասնագետների կողմից։ Տեղի իշխանությունները դեռևս չեն կարող երաշխավորել զբոսաշրջիկների անվտանգությունը։

Աֆրիկյան երկրների թվում անվտանգների շարքին է դասվում Գամբիան, որը խորհուրդ է տվում այցելել 2019 թվականին։ Այստեղ կարող եք հանդիպել էկզոտիկ կենդանիների, որոնք ազատ զբոսնում են փողոցներով։ Իսկ Եվրոպայից չվերթերի գները բավականին մատչելի են։

5․ Մեքսիկա և Կուբա

Ուղևորվելով Մեքսիկա՝ հաշվի առեք, որ երկրի տարածքի մեծ մասը չի խրախուսվում ճամփորդելու համար։ Վերջին ժամանակերս տհաճ պատահարներն այնտեղ շատացել են, այդ թվում՝ զբոսաշրջիների սիրելի վայրերում։

Եթե ցանկանում եք ուղևորվել օվկիանոսից այն կողմ, հրաշալի տարբերակ է Կուբան։ Անվտանգության մակարդակն այստեղ ամենաբարձրն է Կարիբյան տարածաշրջանում, իսկ ճերմակաթույր լողափերն ու զուլալ ջուրը միայն հաճույք կպատճառեն Ձեզ։

6. Պերու և Արգենտինա

Ինկերի հնագույն քաղաքը տեսնելն իհարկե ճամփորդությունների սիրահարների երազանքն է գուցե, սակայն պետք է հաշվի առնել, որ անվտանգության հետ կապված խնդիրներ կարող են լինել։

Հարավային Ամերիկայում ամենաանվտանգ երկրներից է Արգենտինան։ Ձեռակերտ և անձեռակերտ տեսարժան վայրերը, ինչպես նաև մշակութային ավանդույթները միայն հետաքրքրություն կառաջացնեն Ձեր սրտում։

7. Ֆիլիպիններ և Մալայզիա

Չնայած Ֆիլիպինները համարվում է դրախտային վայր Երկիր մոլորակում, զբոսաշրջիկները պետք է խուսափեն այնտեղ ուղևորվելուց։ Երկիրը Խաղաղ օվկիանոսի ափին է, և երկրաշարժների և ցունամիների հավանականությունը մեծ է։

Որպես այլընտրանք կարելի է դիտարկել Մալայզիան։ Այստեղ անվտանգության մակարդակը նույնքան է, որքան եվրոպական երկրներում։ Երկիրն ունի ունիկալ բնություն և տեսարժան վայրեր։

8. Թաիլանդ և Վիետնամ

Թաիլանդը, որը վերջերս սկսեցին սիրել միլիոնավոր զբոսաշրջիկներ, ցավոք, դեռևս անվտանգ ուղղությունների շարքին չի դասվում։ Հատկապես զգույշ պետք է լինեն մոտոցիկլետների վարորդները, քանի որ տեղի վարորդները հաճախ չեն պահպանում երթևեկության կանոնները, իսկ ճանապարհները վատթար վիճակում են։

Հարևան Վիետնամն ավելի հանգիստ և ապահով է։ Այստեղ լողափերը հրաշալի են, գրավիչ լեռնային բնապատկերներ կան, իսկ մշակութային հնագույն հուշարձանները կտպավորվեն Ձեր հիշողության մեջ։

9. Ինդոնեզիա և Մավրիկի

Վերջին շրջանում բնական աղետները հաճախակի երևույթ են դարձել Ինդոնեզիայում, այդ թվում՝ զբոսաշրջային հայտնի վայրերում։ Դրա համար երկիրը լավագույն ուղղություններից չէ 2019 թվականի համար։

Հնդկական օվկիանոսում կզի-պետություն Մավրիկին կուրախացնի ձեզ տարին 12 ամիս իր հարմար եղանակային պայմաններով։ Իսկ Եվրոպայից հնարավոր է այստեղ հասնել բավականին մատչելի գներով։ Այստեղ կգտնեք զարմանահրաշ ջրվեժներ և ճարտարապետական կոթողներ։

10. Թուրքիա և Իրան

Զբոսաշրջիկների համար դեռևս ամենաանվտանգ երկրներից չէ նաև Թուրքիան։ Այստեղ շրջաններ կան, որտեղ հայտնվելու համար նույնիսկ հատուկ թույլտվություն է պետք; Խոսքը Սիրիայի և Իրաքի սահմանին մոտ բնակավայրերի մասին է։

Իսկ Հարևան Իրանը ողջունելի տարբերակ է 2019 թվականի համար։ Հնագույն քաղաքակրթության ժառանգությունը, համեղ պարսկական խոհանոցը և ցածր գները հաճելի կլինեն նույնիսկ ամենաբծախնդիր զբոսաշրջիկների համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ