Ամուլսարի համայնքների բնակիչներն արտագաղթում են, ճանապարհները դեռ փակ են: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լիդիան Արմենիան».
«Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով վերջին 6 ամասվա ընթացքում Լիդիանն ու կապալառու ընկերություններն աշխատանքից ազատել են ավելի քանի 1300 աշխատակցի: Աշխատակիցներից մոտ 460-ը շրջակա համայնքներից էին:
Լիդիանը շարունակում է այս համայնքներում սոցիալական իրավիճակի մոնիտորինգը՝ որպես սոցիալական պատասխանատվության մաս: Մոնիտորինգի տվյալները ներառում են նաև միգրացիայի ցուցանիշները: Այս տվյալները հավաքագրվել են մեր սոցիալական թիմի աշխատակիցների կողմից՝ համայնքապետարանների, ավագանիների և այլ աղբյուրների՝ օրինակ զբաղվածության կենտրոնների տրամադրած տվյալների հիման վրա:
Այս տեղեկատվության համաձայն, Ամուլսարի ծրագրի ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր, արտահոսքը այս համայնքներից ավելացել է՝ 2017-ի համեմատ: Երբ Ամուլսարում 2017-ին ընթանում էր շինարարությունը, Գնդեվազից, Գորայքից և Սարավանից մշտական արտագաղթի ոչ մի դեպք չէր գրանցվել: 2018-ի ավարտին արդեն 6 մարդ մշտապես արտագաղթել է Գնդեվազից, 12 մարդ՝ Սարավանից: 2017-ի ավարտին Ջերմուկից մշտական արտագաղթել էր 34 մարդ, 2018-ին արդեն այս թիվը գրեթե բազմապատկվել է՝ կազմելով 64 մարդ:
Ամուլսարում շինարարության դադարին զուգահեռ բոլոր չորս համայնքերում աճել է ժամանակավոր՝ սեզոնային արտագաղթը: Հավաքագրված տվյալների համաձայն, 2017-ին Ջերմուկից սեզոնային աշխատանքների մեկնել է 80 մարդ, մինչդեռ 2018-ի ավարտին աշխատանքային միգրացիան Ջերմուկից կազմել է արդեն 219 մարդ:
Ավելին, 2018-ի առաջին կեսին, Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումից առաջ, այս համայնքներում ներգաղթ կար, ըստ բնակիչների եւ համայնքապետարանների տվյալների: Օրինակ՝ 70 մարդ ներգաղթել էր Ջերմուկ, 8՝ Գորայք, 5` Գնդեվազ:
Ամուլսարի ճանապարհների շրջափակմումը հանգեցրել է ոչ միայն մի քանի հարյուր ուղղակի աշխատատեղի կորստի, այլև բացասական ազդեցություն է ունեցել այս համայնքներում անուղղակի աշխատատեղերի վրա: 2017-ի ընթացքում միայն Լիդիանի կապալառու կազմակերպությունները ամսական մոտ 200 000 ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների գնումներ են արել տեղի համայնքերից՝ մթերք, վառելիք, տրանսպորտային և կացարանային ծառայություններ և այլն: Այս շարունակական զգալի ֆինանսական հոսքերը տեղի բիզնեսների աճի, ընդլայնման և աշխատատեղերի ստեղծման հսկայական հնարավորություններ էին բերում: 2018-ի հունիսից Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքնով այս հնարավորությունները նույնպես այլևս չկան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը