Aysor.am-ը գրել է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկմանը «Անցյալի բարեկամությունն ու ներկայի թշնամանքը» խորագրի ներքո ներկայացվել է ռեպորտաժ, որում անդրադարձ է կատարվել հայերի ու ադրբեջանցիների մինչպատերազմյան՝ խաղաղ կյանքին ու քննարկվել են հետագայում նման բարեկամության վերականգնման հնարավորությունները։ Հայկական կողմից ներկայացված է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը, որտեղի բնակիչները հիշում են՝ ինչպես էին խորհրդային տարիներին աշխատում ու փոխադարձաբար հյուր գնում հարևան ադրբեջանական Ալիբեյլի գյուղ, ինչը հիմա, բնականաբար, անհնար է։ Ռեպորտաժում որպես զուգահեռ ներկայացվում է վրաց-օսական հակամարտությունը՝ նշելով, որ ի տարբերություն հայերի ու ադրբեջանցիների, այս երկու ազգերը կարողացել են վերագտնել երբեմնի բարեկամությունն ու հիմա ապրել կողք կողքի։ Ուշագրավ է, որ հեղինակը Արցախյան հակամարտության հետևանքով հայերի ու ադրբեջանցիների երբեմնի բարեկամության կորստի թեմայից Վրաստանի օրինակին անցում կատարելու համար, ասում է՝ «նույն՝ տարածքային հակամարտություն ունեցող Վրաստանի և Օսիայի ու Աբխազիայի քաղաքացիների դեպքում բոլորովին այլ է պատկերը»։
Այսպիսով ստացվում է, որ Արցախյան հակամարտությունն, ըստ ռեպորտաժի, ևս տարածքային է, այն դեպքում, երբ հայկական կողմը դիվանագիտական ու պետական մակարդակով բազմիցս նշել է՝ Արցախյան հակամարտությունը տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ ազգերի ինքնորոշման, մարդու իրավունքների ու Արցախի ժողովրդի անվտանգության հարց է։ Ուշագրավ է նաև, որ բանակցությունների տասնամյակների ընթացքում հենց ադրբեջանական կողմն է փորձել Արցախյան հակամարտությունը որակել ու ներկայացնել որպես տարածքային վեճ։ Ըստ ամենայնի, այս ռեպորտաժով Հանրային հեռուստաընկերությունը սկսում է իրագործել հունվարի 16-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվում է «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»։ Այլ հարց է, թե ի՞նչ տրամաբանությամբ է խաղաղության նախապատրաստվում մի կողմ, որը պատերազմ չի սկսել ու այս տարիներին ռազմական բոլոր սրացումների դեպքում պաշտպանվողի դերում է եղել։ Որի մոտ հարևանների հանդեպ ոչ բարեկամական վերաբերմունքը ոչ թե բնականոն ու կարծրացած վիճակ է, որը պետք է խաղաղասիրական կոչերով փոխել, այլ՝ հետևանք։
Օրինակ՝ սեփական կյանքին ուղղված սպառնալիքի հետևանք։ Ու, գուցե, ավելի տրամաբանական կլիներ աշխատել այդ սպառնալիքը վերացնելու երաշխիքների ուղղությամբ, ոչ թե դրա հետևանքի։ Հայկական կողմի արդեն իսկ պատրաստի խաղաղասիրության մասին խոսում են հենց ռեպորտաժում՝ սահմանամերձ Այգեպարի բնակիչները, ովքեր առանց «հատուկ նախապատրաստման» ու առանց որևէ թշնամանքի հիշում են իրենց ադրբեջանցի ընկերներին ու հարևան Ալիբեյլի գյուղը։
Միայն թե այդ հարևան գյուղի դիրքերից խաղաղության մասին չմոռանան ու,ասենք, մի օր չսկսեն կրակել հարևան ու երբեմնի հարազատ Այգեպարի բնակիչների վրա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը