2018թ.-ի վերջին տվյալներով՝ Չինաստանի բնակչությունը կազմում է 1․395 մլրդ, գրանցվել է 5,3 միլիոն աճ՝ չհաշված Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի հատուկ վարչական շրջանների բնակչությունը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյին։
2017թ. բնակչության աճը 7,4 մլն էր եղել: Ըստ անցած տարվա վիճակագրության՝ երկրի բնակչության բնական աճը 1000 մարդու հաշվով 3,81% է կազմել: Բնակչության 713,51 միլիոնը տղամարդիկ են, 681,87 միլիոնը՝ կանայք: 65-ից բարձր տարիքային խումբն ընդհանուր բնակչության 11,9%-ն է կազմել: Քաղաքային բնակչության թիվը ևս աճել է՝ կազմելով 831,37 մլն, իսկ գյուղականը կրճատվել է 564 միլիոնի:
Չինաստանի կառավարությունը բնակչության աճը կառավարելու համար տարբեր քայլեր է ձեռնարկում, մասնավորապես՝ յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում էր ունենալ միայն մեկ զավակ, կային նաև որոշ բացառություններ, իսկ օրենքը խախտողների համար տուգանքներ էին սահմանված:
«Մեկ ընտանիք, մեկ երեխա» ծրագիրը, որը սկսել է իրագործվել 1978թ.-ից, կանխել է 400 մլն ծնունդ: Օրենքը չեղարկվել է 2016թ.-ի հունվարին: Այժմ յուրաքանչյուր զույգի թույլատրվում է առավելագույնը երկու երեխա ունենալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը