Facebook սոցցանցը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընկերության կողմից 364 էջ է ջնջվել, որոնք վերահսկվել են ռուսաստանյան Sputnik գործակալության կողմից:
Ընկերության հաղորդմամբ՝ այդ էջերը ստեղծվել են Ռուսաստանում և թիրախավորել են Բալթյան երկրների, Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի լսարանը:
Հիմնականում դրանք եղել են անկախ լրատվական աղբյուրներ և ներկայացրել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ եղանակ, ճանապարհորդություն, սպորտ, տնտեսություն կամ քաղաքականություն՝ Ռումինիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:
«Չնայած այդ էջերի տվյալների խեղաթյուրմանը, մենք բացահայտեցինք, որ դրանք կապ են ունեցել մոսկովյան Sputnik գործակալության հետ, իսկ որոշ թեմաներ կրել են հակաՆԱՏՕ-ական, բողոքական և կոռուպցիոն տրամադրություններ»,- ասվում է սոցցանցի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ էջերի հետևորդները մոտ 800 հազարն են եղել, և այդ հարթակներում գովազդի համար ծախսվել է մոտ 135 հազար դոլար: Instagram-ում այդ էջերին հետևել է մոտ 55 հազար մարդ, իսկ գովազդի համար ծախսվել է մոտ 25 հազար դոլար, որը վճարել են ռուբլիով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը