09 01 2019

Ներման խնդրագրից մինչև ավտոբուսային իրարանցում. Ակտիվ Facebook

Ներման խնդրագրից մինչև ավտոբուսային իրարանցում. Ակտիվ Facebook

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պատմությունը բազմաթիվ կողմեր ու խութեր ունի։ Սկսած «տիեզերական արդարության» փիլիսոփայական հարցից՝ վերջացրած անձնական, նեղ անձնական հարցերով։

Այդ լայն տիրույթում է նաև հարցի իրավական կողմը՝ իր արժեքային, իրավապաշտպանական, ընթացակարգային և այլ ենթահարցերով։

Առայժմ անդրադառնամ միայն ընթացակարգային կողմին։ Ըստ «Ներման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի՝ Ներման խնդրագիրը պետք է բովանդակի, ի թիվս այլոց, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ։

Հարց. Մհեր Ենոքյանը ընդունե՞լ է իր մեղքը։ Զղջացե՞լ է իր արարքի համար։ Եթե՝ ոչ, ապա սա ներում է՞, թե արդարադատության գործառույթի փաստացի իրականացում արտադատական մարմնի կողմից։ Եթե՝ այո, ապա տասը տարի անընդհատ նա պնդում էր, որ դատական սխալի զոհ է, ինքը մեղավոր չէ, և այլն։ Փոխե՞ց վերաբերմունքը։

Ու մի հանգամանք էլ։ Ըստ վկայակոչածս օրենքի՝ ինչ ասես ենթակա է հաշվի առնելու, բացի տուժողների վերաբերմունքից։ Սա որքանո՞վ է իրավաչափ։ Հատկապես ցմահ ազատազրկվածներին ներում շնորհելու հարցերով տուժողների՝ լսված լինելու իրավունքը կարևոր է։ Մինչդեռ այն մոռացված է ու անտեսված։

Հուսով եմ, Վարչապետի և Նախագահի աշխատակազմները հաշվի կառնեն նշված նկատառումները, խորամուխ կլինեն գործի բոլոր կողմերին ու խութերին՝ սկսած հենց «տիեզերական արդարությունից»»։

Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խելացի ազգերը գիտեն որ եթե մարդկանց տաս ընտրելու իրավունք, ապա կձևավորվի միջին մարդու խելքին համապատասխան իշխանություն, ու երկիրը կճահճանա: Իսկ որպեսզի երկիրը զարգանա, հարկավոր է ունենալ խելացի մարդկանց մակարդակին համապատասխանող իշխանություն: Ու այդ պատճառով, խուսափելու համար ճահճացումից, խելացի ազգերը, հաշվի առնելով, որ խելացիները թիվը միշտ փոքր է մյուսների թվից, ամենուր ժողովրդավարության պատրանք են ստեղծոում:  Ասացի՝ խելացի ազգերը»:

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ հասարակությունը պետք է գիտակցի, որ ՊՆ ավտոմեքենաների, հատկապես զինվորներ տեղափոխոխ մեքենաների, ընթացքը խոչընդոտելը հավասար է շտապ օգնության կամ հրշեք մեքենային խոչընդոտելուն։ Չնայած շատերը դեռ չեն գիտակցում, որ այդ մեքենաներին ճանապարհ տալը իրենց հեղինակության վրա չի ազդում, բայց ինչպես նկատում ենք հասարակության մեջ նոր ստանդարտներ ձևավորելու ժամանակն է։

Վերջին երկու օրերի ընթացքում զորակոչիներ տեղափոխող մեքենաների ընթացքը խոչընդոտող երկու դեպք է գրանցվել։ Առաջինի դեպքում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում արդեն մասնակիցների մի մասը ներկայացել են ոստիկանություն։

Այսօր էլ որոշ ծնողներ թույլ չեն տվել, որպեսզի իրենց երեխաներին տեղափոխող ՊՆ ավտոմեքենան հավաքակայանից շարժվի։

Չգիտեմ մարդկանց գիտակցության հետ ինչ է կատարվում ու նման պահվածքը ինչի համար է , բայց պաշտպանության նախարարությունը պետք է առավել խիստ լինի, որպեսզի բոլոր մեղավորները կամ միջադեպ հրահրողները տեղում պատասխանատվության ենթարկվեն։ ՌՈ ծառայությունն էլ լավ կլինի ,որ մի ավելի խստանա հենց հավաքակայանում և նորակոչիկների տեղափոխելու ընթացքում»։

Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մանկապարտեզների դայակների ու դաստիարակների աշխատավարձերն ամեն գնով բարձրացնել է պետք, դրանք համայնքային ենթականության հիմնարկներ են ու կարելի է արագ որոշումներ կայացնելով լուծել հարցը։ Այդ մարդկանց մենք վստահում ենք մեր երեխաներին, իսկ պետությունը տալիս է 40֊50հզ դրամ աշխատավարձ, չափազանց պատասխանատու աշխատանք կատարող այս մարդկանց դրամական բավարարումը պետք է լինի բարձր, թող այն լինի կոնյակների, միջոցառումների ու քեֆերի հաշվին, կամ թող մանկապարտեզների համար սահմանվի 2000֊3000 դրամ ամսավճար, ինչը կգնա աշխատավարձի բարձրացման։ Երևանում անվճար են մանկապարտեզները, շատ լավ է, բայց ամոթալի մակարդակի վրա են մարդկանց աշխատավարձերը, գոնե խոշոր քաղաքները պետք է այս հարցում նոր լուծումներ գտնեն ու օրինակ ծառայեն, առավել ևս, երբ պետության վարած սխալ քաղաքականության արդյունքում հազարավոր երեխաներ հաճախում են վճարովի մանկապարտեզներ, որտեղ ամսական վճարները սկսվում են 20֊30հզ ից ու հասնում մինչև 200հզ ի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ