Հունվարի 6-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում զանգվածային ցույցեր են տեղի ունենում՝ ի նշան հունվարի 1-ի գիշերը «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ բողոքի: Հանրահավաքին մասնակցում են հարյուրավոր ղազախներ։ Ցույցի տեսանյութը հրապարակվել է Youtube-ի ԲԱՍԵ (БАСЕ) ալիքում:
Ցուցարարները հավաքվել են քաղաքի կենտրոնում: Նրանք պահանջում են, որ սպանության առթիվ անկողմնակալ հետաքննություն վարվի:
Այնտեղ, որտեղ հավաքվել են քաղաքացիները, կենտրոնացած են հատուկ նշանակության զորքեր, տանիքներին կանգնած են դիպուկահարներ:
Կարագանդայում ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հաջորդ օրը սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում հարյուրավոր ղազախներ իրենց վրդովմունքն են հայտնում ռւ մեղադրում են կատարվածի մեջ Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչներին։ ԲԱՍԵ-ի (БАСЕ) կադրերում պարզ երռւում է՝ ինչպես են ոստիկանները շրջափակել քաղաքի փողոցները:
Հիշեցնենք, որ դանակահարության հետևանքով մեկ մարդ էր մահացել, ևս երեքը վիրավորվել էին: Ծեծկռտուքի մասնակիցներ հայազգի Սոխակ Մալխասյանը, Թորգոմ Մալխասյանը և Կաիր Նադիրբեկովը ձեբակալված են, իրավապահ մարմիններից թաքնվող Նարեկ Գուրուրյանը հետախուզման մեջ է:
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղազախստանում լարված իրավիճակին:
«Ղազախստանում հայերի համար իրավիճակն այնքան է լարվել, որ տեղի իշխանությունները ստիպված են եղել միջամտել: Վերջին տեղեկություններով հետաքննություն է սկսվել ազգային և կրոնական թշնամանք հրահրելու կասկածանքով: Իրավիճակը Ղազախստանի Կարագանդա քաղաքում պայթյունավտանգ է: Ընդդիմադիր ուժերը այս բողոքի ակցիան օգտագործում են մարդկանց դժգոհության ալիքը փողոց հանելու, իսկ առանձին խմբեր` իրենց նեղ շահերի ջրաղացին ջուր ավելացնելու նպատակով: Ադրբեջանի դրոշներով սոցցանցերի օգտատերերին ցավոք մեկ այլ երկրում հաջողվեց հակահայկական ակցիա հրահրել, որի մասնակցիները վանկարկում էին ծայրահեղական կոչեր, ընդհուպ մինչև՝ վառել հայերին...
Տեղի հայերը վախեցած ու զարմացած են: Ունևոր հայերի պատկանող սննդի և այլ բիզնես օբյեկտներն արդեն քանի օր է ոստիկանների շուրջօրյա հսկողության տակ են: Ցավալի է, որ ամանորի նախօրեին տեղի ունեցած սպանության դեպքը, որի մեջ ոչ միայն հայեր են կասկածվում, ադրբեջանական ուժերին հաջողվեց օգտագործել ընդդեմ հայերի: Ղազախական մամուլը լի է իրարամերժ և աղճատված տեղեկատվությամբ: Ղազախներին հունից հանել է սադրիչների հայտարարությունը, որ սպանությունն իրականացվել է կրոնական կամ ազգային հողի վրա: Ադրբեջանական հրահրիչներից զատ, այլ ներքին խմբեր ևս փորձում են իրենց շահը ստանալ իավիճակից` կոչ անելով սահմանափակել հայազգի բնակչության քաղաքացիական իրավունքները, մասնավորապես արգելել առանձին գործունեության տեսակներով զբաղվել, մասնակցել ճանապարհաշինարարական պետական գնունմներին, վերանվանել ղազախերեն հայերին պատկանող սննդի օբյեկտները և այլն:
Կառավարությանը ժամ առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել իրավիճակի զարգացման վրա, հնարավորինս շուտ հարթել լարվածությունը և ապահովել մեր հայրենակիցների և տեղում գտնվող Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Խնդրի բարդության ընկալմամբ հանդերձ, այդ թվում նաև Ղազախստանի քաղաքական ղեկավարության հետ բազմակնճիռ հարաբերությունների համատեքստում, հորդորում եմ շտապ գործողություններ ձեռնարկել վտանգի ծավալների մեծացումը կանխելու համար»,- գրել է Հովհաննես Մանուկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը