ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը չի հանդիսացել ու չի հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետեր կամ սեփականատեր:
Ներկայացնում ենք հայտարարությունը ամբողջությամբ.
«ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 27-ին «Ժամանակ» օրաթերթում տեղ գտած՝ «Վատ վիճակ» հոդվածը, որն առանձին այլ ԶԼՄ-ներում վերահրապարակվել էր գրեթե նույն բովանդակությամբ, սակայն տարբեր վերնագրերով, հիմնված է կեղծ և իրականության հետ որևէ կապ չունեցող տեղեկությունների վրա և պարզապես ուղղված է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բարի համբավի վարկաբեկմանը: Միևնույն ժամանակ հույս ենք հայտնում, որ վերը նշված հոդվածի հրապարակման ժամկետը պարզապես համընկել է և չի հանդիսանում վերջերս բջջային կապի հայաստանյան օպերատորներից մեկի ներկայացուցչի կողմից միջօպերատորական փոխկապակցման վճարի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա ճնշում գործադրելու ակնկալիքով հնչեցված՝ ընկերության նկատմամբ «Փի-Ար-ի հայտնի բոլոր գործիքները կիրառելու» մասին ակնարկի գործնական շարունակությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ նպատակահարմար չհամարելով մանրամասն անդրադառնալ հոդվածի բովանդակությանը, հարկ է համարում վերահաստատել հետևյալը.
1) Ընկերությունը բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով առ այն, որ ո՛չ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ո՛չ էլ իր ընտանիքի անդամներից որևիցե մեկը, չի հանդիսացել ու չի հանդիսանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժնետեր կամ սեփականատեր:
2) ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես նաև հայաստանյան այլ օպերատորները, ստացել են էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կառուցելու և բջջային կապի տրամադրման լիցենզիաներ, որոնք գործում են բացառապես Հայաստանի Հանրապետության սահմաններում: Բջջային օպերատորի ցանցից դուրս, որևիցե այլ ցանցում, բջջային օպերատորի բաժանորդը օգտվում է կապի ծառայություններից ռոումինգի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է տարբեր նորամուծություններ, սակայն ռոումինգի ծառայությունը դրանց թվին չի պատկանում և հանդիսանում է ոլորտի ստանդարտ:
3) ՎիվաՍել-ՄՏՍ-ը չէ, որ ներդրել է ռոումինգ Հայաստանի և Արցախի միջև: Հայաստանի և Արցախի միջև ոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը՝ Հայաստանում բջջային կապի ոլորտում մենաշնորհի ժամանակներից ի վեր: Ընդ որում՝ Ընկերությունն առաջարկում է ռոումինգի ամենացածր սակագները՝ դեպի Արցախ մուտքային զանգերի, ինչպես նաև՝ Արցախից Հայաստան զանգահարելու համար:
4) Ինչ վերաբերում է Արցախում ռոումինգին առհասարակ, ընկերությունը «Ժամանակ» օրաթերթին և այլ ԶԼՄ-ներին առաջարկում է ծանոթանալ հետևյալ նյութերին և այսուհետ հարցին անդրադառնալ՝ ճանաչելով դրա էությունը.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (02.09.2018թ.)՝ Փաշինյանը հույս ունի, որ Արցախում կապի նոր օպերատոր կհայտնվի, որի արդյունքում կնվազի ռոումինգի գինը Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան (31.05.2018թ.)
Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը. պետնախարար Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին
Ինչպես երևում է վերը նշվածից՝ ռոումինգի լինել-չլինելու հարցը դուրս է ՎիվաՍել-ՄՏՍ-ի իրավասության շրջանակներից:
Ինչ վերաբերում է փոխկապակցման վճարին, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես՝ սկսած 2009թ-ին այդ հարցն առաջին անգամ բարձրացվելուց ի վեր մշտապես կողմնակից է եղել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող LRIC մեթոդիկայի հիման վրա փոխկապակցման վճարի կիրառմանը:
Ընկերությունը ամանորյա հույս է հայտնում, որ նոր տարում՝ հարցի բարձրացման տասնամյակին, վերջապես հնարավոր կլինի հրաժարվել վերացական գնահատականների և բանակցությունների հիման վրա կարգավորվող սակագների ձևավորմանը և ներդնել գիտականորեն հիմնավորված մեթոդիկա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ պատրաստ է այդ հարցում ցուցաբերել իր աջակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը