Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ձևավորման ավարտական փուլի նիստը, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ընտրել են ՀԽ վերջին 15 անդամներին։
Նրանք են՝
1. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, նախկինում Հանրային խորհրդի անդամ),
2. Վազգեն Յակուբյանը (Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ, IDeA հիմնադրամի Կենտրոնական խորհրդի անդամ)
3. Գաբրիել Ջեմբերջյանը (բարերար, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ),
4. Արմեն Էլբակյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար),
5. Սմբատ Լպուտյանը (շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, նախկինում ՀԽ անդամ)
6. Արսեն Ղազարյանը (Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ)
7. Էդուարդ Ղազարյանը (ֆիզիկոս, ֆիզմաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Կրթության և գիտության նախկին նախարար, նախկինում ՀԽ անդամ)
8. Արշակ Սադոյանը (քաղաքական, հասարակական գործիչ, 1990-2007 թթ․՝ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀԽ անդամ)
9. Արծրուն Պեպանյանը (հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան, մի շարք գրքերի հեղինակ, որտեղ ներկայացվում են Հայաստանի առջև ծառացած խորքային խնդիրները և դրանց լուծման ուղիները),
10. Մարատ Ատովմյանը (փաստաբան, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մենթորների խմբի համակարգող)
11. Հայրապետ Գալստյան (բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր ուռուցքաբան),
12. Ռուզան Ղազարյանը (հասարակական գործունեություն մարզերում, միջազգային և տեղական կառույցների կողմից մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի ղեկավար և խորհրդատու)
13. Անահիտ Բախշյանը (հասարակական, քաղաքական, գործիչ, ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ, կրթության փորձագետ),
14. Հայկ Սարգսյանը (ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկինում ՀԽ անդամ),
15. Վարդան Մարաշլյանը («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն, ՀՀ սփյուռքի նախակին փոխնախարար, տնտեսական գիտությունների թեկնածու):
Վարդան Մարաշլյանն ընտրվել է վիճակահանության արդյունքում, քանի որ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Հավասար ձայներ հավաքած թեկնածուներն էին Վարդան Մարաշլյանը, Ռուբեն Մելիքյանը (Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան) և Սամվել Ճզմաչյանը (Եվրասիական համագործակցության ֆինանսաբանկային ասոցիացիայի գլխավոր տնօրենի տեղակալ, Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀ ՖԲԱ ներկայացուցչության ղեկավար)։
Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նոր կազմի ձևավորման գործընթացը մեկնարկել էր սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ կառավարության նիստում Հանրային խորհրդի առաջին 15 անդամների հաստատմամբ :
Այնուհետև սկսվել էր Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման գործընթացը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը