Դեկտեմբերի 24-ից 25-ը անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է մրցութային հանձնաժողովի անդամների և ոլորտի մասնագետների հետ, ծանոթացել մրցույթին մասնակցող զորակոչիկների կարողություններին և դրանք զինված ուժերում կիրառելու հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները: Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական փորձառու հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն համապատասխան ստորաբաժանումներում` ըստ իրենց մասնագիտական կարողությունների և հմտությունների ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը