ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոց և նվերներ բաժանել հիվանդ երեխաներին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նախկին նախագահը նվերներով լի պարկը ուսին շրջել է հիվանդասենյակներով, հարյուրավոր բուժաշխատողների, երեխաների ու նրանց ծնողների հետ սուրբծննդյան երգեր է երգել, խաղալիքներ, հեռակառավարվող մեքենաներ, խաղալիք գնացքներ, խճանկարներ և այլ նվերներ բաժանել երեխաներին։
«Շնորհակալ եմ բոլորիդ, մենք հնարավորություն ունեցանք զրուցելու հրաշալի երեխաների ու նրանց ընտանիքի անդամների հետ: Ինքս, լինելով երկու երեխայի հայր, կարող եմ միայն պատկերացնել, թե երբեմն որքան դժվար է ձեզ համար: Հիվանդ ժամանակ ամենակարևոր բանը հոգատար բժիշկների ու սրտացավ մարդկանց ներկայությունն է»,- ասել է Օբաման:
Մի աղջիկ ուրախությունից հուզվել է՝ տեսնելով ԱՄՆ 44-րդ նախագահին։ Օբաման պարել է նրա համար, ապա գրկել նրան, ինչից հուզված՝ աղջնակն արտասվել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը