Հայաստանը 2018-ի Գենդերային անջրպետ համաշխարհային զեկույցում 98-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է 2018-ի Գենդերային անջրպետ համաշխարհային զեկույցը, որում գնահատվել է գենդերային հավասարության սկզբունքը 149 երկրում։ Այս տարվա զեկույցը կազմվել է ըստ տղամարդկանց և կանանց միջև հավասարության զարգացումների ուսումնասիրության 4 ուղղությամբ՝ տնտեսական ներգրավվածությունն ու հնարավորությունները, կրթական ձեռբերումները, առողջապահությունը և քաղաքական ներուժը:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ծնելիության մակարդակը 0,16 տոկոսով աճ է գրանցել, մինչդեռ սեռերի հարաբերակցությունը բնակչության շրջանում կազմում է 1,13: Տնտեսական ներգրավվածության առումով մեր երկիրը գենդերային հավասարության ցանկում 73-րդն է, կրթության ոլորտում՝ 35-րդը, առողջապահության առումով՝ 148-րդ, իսկ քաղաքական՝ 115-րդ:
Գենդերային հավասարության առումով առաջատար երկրներ են Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիկարագուան: Հարևան երկրներից Ադրբեջանը 97-րդ հորիզոնականն է զբաղեցրել , Վրաստանը՝ 99-րդ, իսկ Թուրքիան՝ 130-րդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը