18 12 2018

ՊՆ-ն պարզաբանում է զինվորների վերջին վիրավորումների դեպքերը

ՊՆ-ն պարզաբանում է զինվորների վերջին վիրավորումների դեպքերը

Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել:

Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզաբաման մեջ ասված է.

«Ս.թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, ևս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։ 

Նշված ժամանակահատվածում Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել ևս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։ Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։  

Պաշտպանության նախարարությունը շարունակաբար և հետևողական կերպով ջանքեր է գործադրում զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մեծածավալ մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերի ամենօրյա բնականոն կենսագործունեության ընթացքում, ցավոք սրտի, բացառված չեն իրադրությունները, որոնց հետևանքով զինծառայողները կարող են տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ ստանալ։ Պաշտպանության նախարարությունը անում է հնարավորը՝ այդպիսի պատահարների հետևանքով տուժած զինծառայողների համար բարձրակարգ բուժսպասարկում ապահովելու նպատակով։ Որոշ դեպքերում այն կազմակերպվում է կայազորային հոսպիտալներում կամ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կամ քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում:

Տարբեր ԶԼՄ-ներում մատնանշվող վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հանգամանքներում։ Ըստ այդմ, փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջև և ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետևանք, սխալ է»։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել զինվոր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից: Իսկ եկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ 

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի էր ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանը  հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, ապա Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ