10 12 2018

Նոր Գեղիում բողոքի ցույց էր. shamshyan.com

Նոր Գեղիում բողոքի ցույց էր. shamshyan.com

Դեկտեմբերի 10-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Նոր Գեղի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են գյուղի գլխավոր ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը չեղյալ հայտարարի իր կողմից ընդունած որոշումը, որով Նոր Գեղիի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Վարդան Պապյանին։

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը գյուղացիներն ասում էին. «Ողջ գյուղը մի մարդու նման պահանջում է Պապյանի հրաժարականը, իսկ մարզպետ երկու ոտքը դրել մի կոշիկի մեջ, չի ցանկանում գյուղացիների խոսքը լսել։ Մենք ուզում ենք, որ գյուղապետի պաշտոնակատար նշանակվի գյուղում հարգանք վայելող գյուղապետի տեղակալ Վանիկ Մնացականյանը։ Մեր համբերության բաժակն արդեն լցվել է, ու մարզպետը պետք է ի վերջո իմանա ժողովրդական հայտնի խոսքը, որ գյուղ կանգնի, գերան կկոտրի։ Իսկ իրա նշանակած գյուղապետի պաշտոնակատարը ավելի շատ քոթուկ է, քան գերան։ Երեկ էլ իրա ու իրա թայֆայի կողմից գյուղում դանակահարության դեպք է տեղի ունեցել, և 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ։ Նա, որ դեռ գյուղապետ չի, իր թայֆով հարբած վիճակում դանակ է հանում մեր դեմ, վաղը գյուղապետ դառավ, ասա՝ մեր տան լույսերն անջատենք ու քոչենք գյուղից։ Դա՞ է մարզպետի ուզածը»:

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մեծ թվով ծառայողներ՝ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ով և մարզպետարանից ժամանած մեկ այլ պաշտոնյա, ժողովրդի հետ բանակցություններ է վարում, որպեսզի ճանապարհը ժամանակավորապես բացեն։

Վարչության պետը ժողովրդին հայտնեց նաև, որ մարզպետն աշխատանքից ազատել է ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պապյանին, սակայն գյուղացիները ասում են թուղթը տեսնենք:

15։30-ի սահմաններում գյուղացիները ճանապարհը բացեցին՝ հավատալով Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին, ասելով. «Միայն ոստիկանությանը հավատալով ենք այս պահին ճանապարհը բացում»։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00։50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի աջ կեսի և կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1980 թվականին, «աջ ստործնոտային և վերծնոտային կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի 1976թ. ծնված տղամարդ, իսկ «որովայնի կողմնային պատի ծակած- կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1977թ.։

Նույն օրը՝ ժամը 01։10-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23։40-ին, կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության է դիմել ևս մեկ անձ՝ Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1992 թվականին, ով հայտնել է, որ վնասվածքն ստացել է Նոր Գեղի գյուղում՝ անհայտ անձի կողմից դանակով հարվածելու հետևանքով։

Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ՝ ծնված 1991թվականին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ