05 12 2018

ՌԴ-ն հրաժարվել է «Բալ-Է» հրթիռային համալիր մատակարարել Ադրբեջան

ՌԴ-ն հրաժարվել է «Բալ-Է» հրթիռային համալիր մատակարարել Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, հայտնում է kommersant.ru-ն: Գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ: Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից. վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել:

Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել: «Բալ»-ի մատակարարման հարցն այժմ չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ կա «աշխարհաքաղաքական նրբություն»: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար: «Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել է զրուցակիցը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ