03 12 2018

Գյումրում ծեծելով 57-ամյա կնոջ են սպանել

Գյումրում ծեծելով 57-ամյա կնոջ են սպանել

Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի տներից մեկի դիմացից շտապօգնության մեքենայով «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել 1961-ին ծնված` Շիրակի մարզի բնակիչ: Նա հիվանդանոցում մահացել է: Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնից տեղեկացրել են, որ 57-ամյա կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում` որպես հավաքարար: «Շատ հանգիստ, դրական կերպար էր: Պարտաճանաչ կին էր, այսքան ժամանակ աշխատանքում որևէ թերացում չի ունեցել: Մենք էլ ապշած ենք, որևէ բան չգիտենք, բացի նրանից, որ կինն աշխատանքի գալիս է եղել, երբ մեկը հարձակվել է նրա վրա ու ծեծելով սպանել: Իսկ թե ո՞վ և ի՞նչ, չգիտենք»,- ասացին քաղաքապետարանից:

Կնոջ աղջիկը դիմել է Գյումրու քաղաքապետին` թաղման ծախսերը հոգալու խնդրանքով: Քաղաքապետարանից ասացին, որ, ճիշտ է, դեռևս արձագանք չկա, բայց վստահ են` պատասխանը դրական է լինելու: «Ջուլիետան ապրում էր աղջկա հետ, որը նույնպես մեզ մոտ է աշխատում` որպես հավաքարար: Աշխատում, ծայրը ծայրին հասցնելով, ապրում էին: Անապահով ընտանիք են»,- նշել են Գյումրու քաղաքապետարանում։

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Գյումրի քաղաքում  57-ամյա  կնոջ մահվան դեպքի հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Գյումրիի ռուսական ռազմակայանի ծառայողի կողմից է սպանություն կատարվել, հայտնել է՝ որպես կասկածյալ կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք չունենք։

«Եղել է մարմնական վնասվածքներով կին, ով մահացել է, ի՞նչ կապ ունի ռուսական 102-րդ ռազմաբազան»,-ասաց նա: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ