ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կրկին անդրադարձել է իր զինծառայության թեմային՝ արձագանքելով թերթերից մեկի հոդվածին։ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թերթի նախկին գլխավոր խմբագիրը շատ հստակ «արձանագրել» էր, որ ես ոչ մի գիշեր չեմ անցկացրել որևէ զորամասում և պետության վառելիքն եմ վատնել:
Պետական մեքենա ինձ կցված երբևէ չի եղել, ինչպես նաև պետությունից վառելիք չեմ ստացել երբեք:
Ինչ վերաբերում է գումարներին, ես երբևէ նման գումարներ չեմ ունեցել իմ հաշիվներին:
Անհամբեր սպասում եմ, երբ են խոսելու դասարանով դասերից փախնելու մասին»։
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր․ «Լ. Քոչարյանին ծառայության ողջ ժամանակահատվածում կցված է եղել 404 SS 02 պետհամարանիշի «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենա, որով նա անարգել, օրվա ցանկացած ժամի ելք ու մուտք է կատարել զորամաս, սակայն, որպես վարորդ, որեւէ կոնկրետ գործառույթ չի ունեցել: Զորանոցում չի գիշերել: Երբեմն գիշերել է հրամանատարի օգնականի աշխատասենյակում։ Նրա հրապարակած լուսանկարներն արված են Լոռու մարզի ճամբարային հավաքի ժամանակ: Քոչարյանի որդիները որպես զինվոր ոչ մի օր չեն եղել Ղարաբաղում։ Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ Քոչարյանի որդիները ծառայությունն ավարտելուց հետո, կամ դրանից շատ չանցած իրենց հաշվին ունեցել են տասը և ավելի միլիոն դոլար»։
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանն արդեն մեկ անգամ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանին՝ գրելով․ «Կարծում եմ ոչ մեկ չի կասկածում, որ լինելով նախագահի որդի կարող էի շարունակել ուսումս մագիստրատուրայում, այնուհետև ասպիրանտուրայում և ոմանց պես օգտվելով օրենքից խուսափել ծառայությունից ու հետագայում մատ թափ տալ չծառայածների վրա: Այդուհանդերձ որոշեցի անցնել ծառայության: Ազգային անվտանգության հատուկ նշանակության ջոկատում անցել եմ նախատեսված մարտական պատրաստվածության ծրագիրը: Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաև վրաններում` Փամբակի լեռներում: Չեմ թաքցնում, որ եղել է հատուկ ուշադրություն սպայական կազմի կողմից, որը ամենայն անկեղծությամբ հաճելի չէր: Մինչ այժմ ունեմ ջերմ կապեր ծառայակից ընկերների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը