Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը, որի ժամանակ հանգանակվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: Ինչպես գիտենք, հեռուստամարաթոնը կազմակերպվում է կամավորության հիմքով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում մասնակցության չափը և ձևը:
Մինչդեռ օրեր առաջ լրատվամիջոցները ահազանգեցին, որ Արցախի զորամասերում սպաներին և զինվորներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Սպաների պարտադիր կամավոր մասնակցության չափը 5000 դրամ է, ենթասպաներինը՝ 3000, պայմանագրային ծառայողներինը՝ 1000, ժամկետային զինծառայողներինը՝ 100 դրամ, և այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում:
Այս անգամ 168.am-ը նման ահազանգ ստացավ արդեն ՊԵԿ-ից։ Պարզվում է, որ այնտեղ էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամին աշխատակիցները գումարներ «փոխանցել են» պարտադիր-կամավոր սկզբունքով, ծանուցագրեր ստորագրելով, որ իրենք «խնդրում են», որպեսզի գումարներ փոխանցեն հիմնադրամին։
ՊԵԿ-ից մեր աղբյուրները նշում են, որ աշխատակիցները շփոթմունքի մեջ են, որովհետև, փաստորեն, իշխանությունների գործելակերպի մեջ ոչինչ չի փոխվել։ «Նախորդ իշխանությունների ժամանակ էլ պարտադիր-կամավոր էր հեռուստամարաթոնին մասնակցությունը, բայց այն ժամանակ մենք գումար էինք աշխատում, ավելի շատ էինք փոխանցում, ու ոչ ոք դրանից չէր նեղվում։ Բայց հիմա, երբ 1000 դրամ թեյավճարի համար մարդ են բռնում ու դատում, մարդկանց յուրաքանչյուր դրամը հաշված է, առանց այն էլ՝ աշխատավարձը բարձր չէ, և նրանց համար ծանր է աշխատավարձի թեկուզ փոքր մասից զրկվել»,- նշեց ՊԵԿ-ում մեր աղբյուրը։
Սակայն սա միակ խնդիրը չէ, որի հետ բախվում են ՊԵԿ աշխատակիցները։ Պարզվում է, որ ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը հրահանգել է, ինչպես ՊԵԿ-ում են ասում, քանդել միջնորմային պատերը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը