ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը նոյեմբերի 24-ին, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստ է գտել։
Նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է՝ ինչպես է երթին ուղեկցող շտապօգնության մեքենայի դռնից ամրացված «Իմ քայլը» շարժման դրոշը։
«Ձախից քարոզչական դրոշ է շտապ օգնության մեքենայի վրա։ Վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։ Ապօրինի քարոզչությու՞ն։ Չէ, չենք լսել ...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:
Դրանից որոշ ժամանակ անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հրապարակել է նույն շտապօգնության մեքենան, որի վրայից հանված են դրոշները՝ գրելով.
«Շտապօգնության մեքենայի վրա դրված դրոշները հանված են։ Դնողները նկատողություն կստանան, քանի որ պետական միջոցները չեն կարող օգտագործվել քարոզչության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը