24 11 2018

Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին. Սամվել Մարտիրոսյան

Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին. Սամվել Մարտիրոսյան

Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Խոսքի ազատությունը ստանում է մի ահռելի հնարավորություն, որոնք նախկինում չէին եղել: Սակայն, պարզվեց, որ քարոզչությունն ու մանիպուլյացիաներն են ստացել այն հնարավորությունները, որոնք երբեք չունեին: Մարդկանց մի մասը համարում է, որ նոր մեդիաները դեմոկրատացման ճանապարհն են, իսկ մյուս մասը կարծում է, որ սրանք ճանապարհն են տոտալ վերահսկողության: Պարզ չէ, թե որն է ճիշտը, հայտնի կլինի մի քանի տարի հետո, քանի որ դեռ տրանսֆորմացիաների փուլն է»,-ասաց Մարտիրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ լրագրության մեջ առաջին խնդիրները սկսում են այն ժամանակ, երբ լրագրողները սկսում են լուծել ինչ-որ խնդիրներ` ազգապահպանման, երկրի բարգավաճման և այլն: «Նոր մեդիաները պարզապես պետք է լինեն միջոց ավելի հասանելի դառնալու, ավելի հորիզոնական դառնալու, ստեղծելու ավելի լոյալ լսարան: Լրագրության իմաստը ոչ ավելի, ոչ պակաս լրագրությունն է: Հենց հիմա էլ Հայաստանում ամենամեծ խնդիրն այն է, որ լրագրողները մտել են քաղաքական դաշտ, մի մասը` բացահայտ, մյուսները պարզապես լծվել են քարոզչական աշխատանքին: Լրագրողներն էլ չպետք է հետապնդեն ազգը փրկելու խնդիրներ»,-ասաց Մարտիրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ