19 11 2018

Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է կանգնած

Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է կանգնած

ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան ներկայացրել է Շիրակի մարզի մի շարք փոքր հիդրոկայանների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:  Նամակով մի քանի հիդրոկայաններ՝ մասնավորապես «Ֆենհալ», «Էրստեդ» և «Լայթէկա» ՍՊԸ-ները, բարձրացնում են մենաշնորհների ազդեցության հարցն իրենց ոլորտում՝ հայտնելով, որ մի շարք աշխատատեղեր կարող են փակվել.

«Հրատապ լուծում պահանջող խնդրի հետևանքով սոցիալ-տնտեսական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Շիրակի մարզում շուրջ 250 աշխատատեղ փակման վտանգի առաջ է: Պատճառը նախորդ վարչակազմի ապօրինություններն են և ստեղծված ամենաթողության մթնոլորտը, որի հետևանքով երկու ընկերություն՝ «Էրստեդ» և «Լայթէկո», կանգնած է սնանկացման վտանգի առաջ: Խնդիրը մանրամասն տարիներ շարունակ ներկայացվել է ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին: Սակայն 2013 թվականից առ այսօր այն լուծում չի ստանում, ինչը ընկերությունների համար նշանակում է վարկային բեռի ծանրացում և անելանելի իրավիճակ: 

Պատճառը խորքային է. նախորդ իշխանությունների օրոք ստեղծված ներկլանային կոռուպցիոն կապերը խոչընդոտում էին փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը և ոչ միայն, թեև հայտարարությունների մակարդակով ասվում էր հակառակը՝ ներդրումների խթանում, գործարար միջավայրի ստեղծում և այսպես շարունակ: Մինչդեռ ներկայացվող օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կոռուպցիոն շղթան ու կլանի ներսում առկա կապերը շատ ավելին էին, քանի երկրի տնտեսության զարգացման մասին ներկայացվող տեսլականը:

Անսալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերականգնվող էներգիայի զարգացմանը միտված «շարունակական և առաջնահերթ» հոգածության վերաբերյալ հայտարարություններին՝ ձեռնամուխ եղանք Ախուրյան գետի ձախ ափին երեք ՓՀԷԿ-երի («Ամասիա», «Փարոս», «Կասկադ») կառուցմանը: Իրականացվեց շուրջ 4 մլրդ դրամի ներդրում (հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցներ): Շահագործմանն ընդառաջ պարզվեց, որ կա արտոնյալ պայմաններում աշխատող ՓՀԷԿ, որին թույլ է տրված իր գործունեությամբ խոչընդոտել մյուսների աշխատանքը:

Արտոնյալը՝ տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորությունը վայելած «Ջրաձոր» ՓՀԷԿ-ն է: Ճիշտ այն ժամանակ, երբ երեք ՀԷԿ-երի արդեն տրվել էր կառուցման թույլտվություն, և նախաձեռնողներս վարկային միջոցներով ձեռնամուխ էինք եղել կառուցման աշխատանքներին, հանկարծակի փոխվում է հիշյալ ՀԷԿ-ի ջրօգտագործման թույլտվությունը՝ արտոնելով ՓՀԷԿ-ը շահագործել տարվա բոլոր ամիսներին:  Հայաստանում սա եզակի դեպք է, երբ ոռոգման ջրանցքի միջոցով շահագործվող ՓՀԷԿ-ը շահագործվում է ոռոգման գործընթացին զուգահեռ, ոռոգման ջրի հաշվին: Սա ենթադրում է, որ մյուս երեք ՀԷԿ-երը, որոնք պետք է աշխատեին այն ժամանակ, երբ ոռոգման ամիսներին չի աշխատում «Ջրաձոր»-ը, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը՝ Ախուրյան գետում ՓՀէԿ-երի համար անհրաժեշտ նվազագույն ելքի բացակայության պատճառով, պարզ ասած՝ չկա անհրաժեշտ ջրաքանակ...

Կրած վնասներն անցած տարիների ընթացքում ահռելի են եղել, միլիոնավոր դրամներ, ժամկետանց վարկային պարտավորություններ, չվճարված տոկոսագումարներ և ահռելի տույժեր... Գրավադրվել է վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները, սակայն կատարվածի արդյունքում պարզ է դառնում, որ կառուցված և կառուցման փուլում գտնվող ՓՀԷԿ-երին չի ընձեռվում շահագործման հնարավորություն՝ կանգնեցնելով սեփականատերերի ամբողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ: Հարկ է նշել, որ նախքան ՀԷԿ-երի կառուցումը մեր ձեռքի տակ եղել են բոլոր թույլտվությունները, անհրաժեշտ մի շարք փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ կեղծիքի զոհ ենք դարձել: Այս տարիների ընթացքում մշտապես բարձրաձայնել ենք արտոնյալ «Ջրաձոր» ՓՀԷԿ-ին ոռոգման սեզոնին շահագործվել չարտոնելու հարցը, ինչպես եղել է ի սկզբանե՝ ըստ ջրօգտագործման թույլտվությունների, սակայն յուրաքանչյուր քննարկում վերածվել է շոուի:

Այս հարցով անգամ տեղի է ունեցել Ջրի ազգային խորհրդի նիստ՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանում: Սա հիշյալ հարցով այն եզակի քննարկումներից է եղել, որ լրջորեն խոսվել է երեք ընկերություններում ստեղծված իրավիճակի մասին: Արդյունքում որոշում է կայացվել այլևս չտալ արտոնություն գեներալ Մանվելի հովանավորությունը վայելող ՓՀԷԿ-ին: Սակայն կոռուպցիոն շահերը կրկին ավելի զորեղ են գտնվել, քան երկրի վարչապետի որոշումները, և դրանք անգամ թղթին չեն հանձնվել:  Այս ամենը մանրամասնորեն ներկայացվել է Հայաստանի նոր իշխանություններին՝ ինչպես համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին, այնպես էլ մարզի պատասխանատուներին»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ