Նոյեմբերի 16-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված միավորումների և զորամասերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսների վիճակին, զորքերի պատրաստության ծրագրի համապատասխանությանը` ներկայացվող պահանջներին, ինչպես նաև նշված ոլորտներում առկա խնդիրներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտների զինվորական պաշտոնյաներ:
ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորհուրդ է տվել ներկաներին ակտիվորեն մասնակցել նիստի աշխատանքներին և կառուցողական քննարկումների արդյունքում, պրոբլեմատիկ հարցերի լուծման վերաբերյալ ձևավորել ընդհանրական մոտեցումներ:
Նախարարի խոսել է նաև միավորումների և զորամասերի կազմակերպչական ու հաստիքային կառուցվածքի, զորահավաքային ռեսուրսների կցագրման ու ուսումնասիրման, դրանց կառավարման, լրահամալրման պլանավորման վիճակի, կազմհաստիքային կառուցվածքի համաձայն` սպառազինության և ռազմական տեխնիկայի վերաբախշման ընթացքի, հաշվառման կազմակերպման ու հարակից այլ թեմաների մասին:
Լևոն Մնացականյանը հանձնարարել է ներկա սպայակազմին, ըստ գործառութային պարտականությունների, ռազմական խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանք հաշվի առնել հետագա ծառայության ընթացքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը