15 11 2018

Արմեն Ավակ Ավակյանը լքում է պաշտոնը

Արմեն Ավակ Ավակյանը լքում է պաշտոնը

«Բիզնես Արմենիա» հիմնադրամ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Բիզես Արմենիայի» սիրելի թիմ, աշխատակիցներ և օտարերկրյա ներկայացուցիչներ, անցնելով շատ դժվարություններով՝ հետաքրքրիր աշխատանքով բարեփոխեցինք Հայաստանի զարգացման հիմնադրամը և ստեղծեցինք Բիզնես Արմենիան։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ, Բիզնես Արմենիան այսօր ոչ միայն մեր երկրի ուժեղագույն կառույցներից մեկն է դարձել, այլև բազմիցս, գնահատվելով միջազգային խոշորագույն կազմակերպությունների կողմից, հարյուրավոր երկրների շարքում Հայաստանը դիրքավորել է կամ առաջին, կամ ամենաբարձր հորիզոնականներում։

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր և պահպանել «ընտանեկան ջերմաստիճանը»։ Ձեր ու ձեր աշխատանքի շնորհիվ է, որ Բիզնես Արմենիան դարձել է ներդրողների և գործարարների կարևորագույն բարեկամն ու աջակիցը։

Շնորհակալություն եմ հայտնում հաճելի աշխատանքի համար՝ նոր ձեռքբերումների մաղթանքով։

Հարգելի գործարարներ և ներդրողներ,

Իմ աշխատանքի ամենահաճելի մասը Ձեր աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման և նոր ներդրումների որոշման կայացման առիթով։ Անկախ փոփոխություններից, Բիզնես Արմենիան շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել և աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։

Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են և այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի և Բիզնես Արմենիայի աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը։

Բոլորիդ հաջողություններ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ