08 11 2018

Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ՝ հայ եմ, ուշաթափվեց․ Կարո Փայլան

Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ՝ հայ եմ, ուշաթափվեց․ Կարո Փայլան

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է երկրի կրթական համակարգը, հատկապես` պատմության դասերը։ Այս մասին հաղորդում է T24 կայքը։

Ինչպես նշվում է, նա նշել է, որ այլազգիների, հատկապես` հայերի մասին կողմնակալ տեղեկատվություն է մատուցվում, և առաջարկել է դպրոցական դասագրքերում ընդգրկել ոչ միայն մահմեդական, այլև քրիստոնյաների անուններ՝ թուրք երեխաների համար հայերի կամ այլ ազգերի ներկայացուցիչների ներկայությունը Թուրքիայում տարօրինակ ու արտառոց երևույթ չդարձնելու համար:

Նա հիշեցրել է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի հոդվածներից մեկը, որում նա խոսել էր Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Ալիի ու Հակոբի` միասին խաղալու»` իր երազանքի մասին: «Ինչպես երազում էր Հրանտ Դինքը՝  մի անգամ էլ թող Ալին գնդակը Հակոբին նետի, Բերֆինին (քրդական անուն) նետի: Ալին դեռ միայն Ահմեդին է նետում: Եկեք Հրանտ Դինքի երազանքն իրականացնենք»,- ասել է Փայլանը:

Փայլանը նաև վերհիշել է ուսանողական ու բանակային տարիներին իր վերապրածները, որոնք կապված էին թուրք երիտասարդների մոտ հայերի մասին ուղղակի սխալ պատկերացումների հետ:«Երբ բանակային ընկերներիցս մեկն իմացավ, որ հայ եմ, ուշաթափվեց ու ընկավ: Որովհետև նրան այլ կերպ էին պատմել հայերի մասին: Ասում էր՝ «Բայց դու շատ լավ մարդ ես, ինչպե՞ս կարող ես հայ լինել»: Որովհետև երբեք հայ չէր տեսել»,- հիշել է Փայլանը՝ նշելով, որ դպրոցական տարիներին էլ թուրքական ավագ դպրոց փոխադրվելուց հետո իր շատ համադասարանցիներ նախընտրել են չշփվել իր հետ, քանի որ մտածել են, թե «հայերն իրենց մեջքից հարվածել են», ինչպես որ գրվում է պատմության դասագրքերում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ