08 11 2018

Հատուկ գործուղման մեկնող քաղծառայողների համար

Հատուկ գործուղման մեկնող քաղծառայողների համար

Հայաստանի կառավարությունը սահմանել է քաղծառայողի ծառայողական գործուղման պայմաններն ու կարգը․ ըստ դրա՝ գործուղման մեկնած քաղաքացիական ծառայողներին երաշխավորվում է պաշտոնի և աշխատավարձի պահպանումը գործուղման ամբողջ ժամանակահատվածում։ Եթե նրա գործուղման ժամանակահատվածը ընդգրկում է հանգստյան կամ տոնական օրեր, ապա այդ օրերի համար քաղծառայողը աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով վարձատրվում է:

Մշտական ծառայության վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը, իսկ 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ ՀՀ տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում հատուցվում են օրապահիկը և մշտական ծառայության վայրից գործուղման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Քաղծառայողի գիշերավարձի ծախսերը հատուցվում են գործուղման մեկնած բոլոր օրերի համար:

Ժամանակավոր անաշխատունակության դեպքում քաղծառայողը գործուղումից հետ է կանչվում: Նրան ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:

Գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ, իսկ վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ներկայացնել հաշվետվություն գործուղման հետ կապված ծախսերի վերաբերյալ:

Նշենք, որ հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող քաղծառայողները կարող են գործուղվել միայն իրենց համաձայնությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ