ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից: Գործի նախաքննության շրջանակում ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը, տեղյակ լինելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող մի ընկերության վերաբերյալ քրեական գործի մասին, իրեն ծանոթ՝ այդ ընկերության հաշվապահությունն իրականացնող գրասենյակի փոխտնօրեն Արտյոմ Գասպարյանին համոզել ու դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ կաշառքը հասցեատերերին հասնելու դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր։ Ստանալով Գասպարյանի համաձայնությունը՝ Պետրոսյանը 2018 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5․000․000 դրամ։
Հոկտեմբերի 30-ին ՀՔԾ-ն որոշում է կայացրել ձերբակալել Արտակ Պետրոսյանին, ինչը հանձնարարվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին։ Նոյեմբերի 1-ին Արտակ Պետրոսյանը կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաև Արտյոմ Գասպարյանը։ Հարուցված քրեական գործի քննության ընթացքում Արտակ Պետրոսյանը կալանավորվել է կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, իսկ Արտյոմ Գասպարյանը՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը