ԱՄՆ-ում վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալի մահապատժի վճիռն իրականացվել է էլեկտրական աթոռի միջոցով։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Թենեսի նահանգում:
Ինչպես հաղորդվում է, մահապատժի ենթարկվածը 63-ամյա Էդմունդ Զագորսկին է։ Նա 1980-ական թվականներին դատապարտվել էր կրկնակի սպանության համար:
Երբ մահապատժի իրականացումից առաջ Զագորսկիին հարցրել են՝ արդյոք կցանկանար վերջին խոսքն ասել, դատապարտյալը միայն ասել է. «Դե, միացրու»։
Նշվում է, որ էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի ենթարկելու պրակտիկան հազվադեպ է կիրառվում, սակայն Զագորսկին հրաժարվել է մահացու ներարկումից՝ ընտրելով էլեկտրական աթոռի տարբերակը: Նա իր որոշումը բացատրել էր այն հանգամանքով, որ էլեկտրական աթոռի վրա պակաս ցավ կզգա ու քիչ կտանջվի:
Զագորսկին դարձել է 1960թ. ի վեր Թենեսիում առաջին կալանավորը, որին մահապատժի են ենթարկել էլեկտրական աթոռի միջոցով: 2000թ. ի վեր ԱՄՆ-ում 14 կալանավոր է նստեցվել էլեկտրական աթոռին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը