2014 թվականից սկսած՝ Ֆիլիպիններից Երևան եկող զբոսաշրջիկների թիվը 674-ից հասել է 22,000-ի, ոմանք էլ մշտական բնակություն են հաստատում այստեղ, հայտնում է Al Jazeera-ն։
Facebook-ում Filipino Community in Erevan City խմբում կա 1300 անդամ: Համաձայն Մոսկվայում Ֆիլիպինների դեսպանատան տեղեկությունների` վերջին տարիներին նվազագույնը 300 ֆիլիպինցի մշտական բնակություն է հաստատել Երևանում:
Հեղինակ Մեգան Լակոբինի դե Ֆազիոն գրում է, որ ՀՀ այցելող ֆիլիպինցիների մեծ մասն արտագնա աշխատողներ են ԱՄԷ-ում, Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում: Ըստ Պարսից ծոցի երկրների օրենքների` նրանք հաճախ պարտավորվում են երկրից դուրս գալ: Եվ եթե նախինում նրանք պարզապես հատում էին սահմանը և նույն օրը վերադառնում, ապա այժմ շատերն օգտվում են այս հնարավորությունից:
29-ամյա Էդուարդ Ռիգորը տուրիստական խմբի կազմում այցելել է Հայաստան: Նրանք եղել են հին հայկական եկեղեցիներում և Հայաստանի բարձրադիր գոտիներում: «Նախկինում մենք գնում էինք Իրան կամ Օման, բայց հետո տեղեկացանք, որ վիզայի փոփոխությունների հետևանքով կարելի է գնալ Հայաստան զբոսանքի, ինչը հրաշալի հնարավորություն է ֆիլիպինցիների համար, ովքեր երբեք ձյուն չեն տեսել», - ասել է Էդուարդը:
Հոդվածի հեղինակը պատմում է նաև Երևանի փողոցներից մեկում գործող Little Manila իջևանատան մասին, որը հիմնականում հյուրընկալում է ֆիլիպինցիների: Իջևանատան տիրոջ` Ռենատո Մարիլագի կինը վերջերս լույս աշխարհ է բերել նրանց դստերը` Միային:
«Նա առաջին հայ-ֆիլիպինցի երեխան է: Ուզում եմ՝ նա այստեղ մեծանա և խոսի հայերեն: Գիտեմ՝ նրան այստեղ դուր կգա», - նշել է Մարիլագը: Նա ԱՄԷ-ում էր աշխատում, երբ առաջին անգամ լսեց Հայաստանի մասին: Նրա խոսքով՝ այժմ Պարսից Ծոցի բոլոր ֆիլիպինցիներն արդեն ճանաչում են Հայաստանը: Կնոջ եղբոր հորդորով` Մարիլագը բիզնես հիմնելու նպատակով եկել է Հայաստան։
«Դուբայի համեմատ` կյանքի որակն այստեղ շատ բարձր է: Աշխատավարձը ցածր է, սակայն արժե այստեղ լինել։ Եղանակը լավն է, իսկ մարդիկ հաճելի են։ Քրիստոնյա լինելը շատ կարևոր է մեզ համար. ահա թե ինչու ֆիլիպինցիները բաց չեն թողնում պատմական եկեղեցիներ այցելելու հնարավորությունը: Դա գրեթե առաջին բանն է, որ հետաքրքրում է մարդկանց»,- ասում է նա:
Հեղինակը նշում է՝ առաջին բանը, որ մարդկանց Հայաստան է բերում, եկեղեցիները չեն: Little Manila-ի այցելուների թիվը հատկապես ավելանում է ձմռանը, երբ այստեղ առատ ձյուն է գալիս: «Դեկտեմբերին մենք ավելի քան 300 ֆիլիպինցի հյուրեր ենք ունենում, որոնք ցանկանում են ձյուն տեսնել և ճերմակ Սուրբ Ծունդ նշել: Տարվա մեջ ամենաշատ պատվիրվող ուղևորությունները Արագած լեռան զբոսանքներն են, քանի որ այնտեղ միշտ ձյուն կա», - նշում է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը