29 10 2018

Առաջին գլխավոր ճարտարապետը, ով Երևանում ոչ մի նախագիծ չի անի

Առաջին գլխավոր ճարտարապետը, ով Երևանում ոչ մի նախագիծ չի անի

Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ավագանու նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ կփորձի լինել Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անելու։

Մեսչյանը նշեց, որ ոլորտում իրարամերժ թույլատվություններ են եղել, իրարամերժ շատ տարօրինակ բաներ են կատարվել։ «Բայց հուսով եմ, դա էլ կլուծվի: Կլուծվի»,- հավելեց նա:

Իր նոր պաշտոնի մասին խոսելիս Մեսչյանը նշեց, որ միանգամից չի ընդունել գլխավոր ճարտարապետի պաշտոնն ընդունելու առաջարկը. «Դա տեւեց մեկ ամիս, ճիշտն ասած, բանակցությունները: Ես ընդունեցի այն ժամանակ, երբ գործիքակազմը, որն անհրաժեշտ է գլխավոր ճարտարապետին, ես կարողացա ձեռք բերել։ Այ, եթե հիմա չկարողանամ աշխատել՝ ոչ մեկին մեղադրել չեմ կարող, քանի որ գրեթե բոլոր իմ խնդրանքները կատարվեցին»:  

Անդրադառնալով այն հարցին, թե որպես Երևանի գլխավոր ճարտարապետ առաջին հերթին որ խնդրին կանդրադառնա, Արթուր Մեսչյանն ասաց. «Վերջնականապես հասկանանք, այդ քաղաքի ճարտարապետը… չնայած այդ գլխավոր բառից սարսափելի զարզանդում եմ: Պետք է հասկանանք քաղաքապետի ճարտարապետն ով է, ինչ է:

Կա մի շատ կարեւոր հանգամանք, սխալ կարծիք, որ քաղաքի ճարտարապետը դա ստեղծագործական պատասխանատվություն է: Չէ այդպես չէ: Ես կփորձեմ, երևի թե, լինել առաջին գլխավոր ճարտարապետը, որն իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երեւանի սահմանում չի անելու, որովհետեւ դա բերում է բավականին տխուր հետեւանքների: Ես դա չեմ անի: Բացի դրանից, այնքան շատ աշխատանք կա, գործառույթն այնքան բարդ է, որ  մտածել նաեւ զբաղվել նախագծմամբ եւ ստեղծագործական աշխատանքով, դա մի քիչ ծիծաղելի է: Այսինքն, պետք է ճշտել, թե ինչ է գլխավոր ճարտարապետի ինստիտուտը, ինչ է, ինչի համար է, ինչ կարող եւ ինչ չի կարող անել ոչ մի դեպքում: Ինձ թվում է՝ սա ամենակարեւորն է»,- նշեց Մեսչյանը՝ հավելելով, որ ճարտարապետության մասին մի քանի նախադասությամբ խոսելն ուղղակի անհնար է, քանի որ դա շատ բարդ համակարգ է. «Եթե սկսեմ խոսել, այստեղից չենք գնա»:

Այն հարցին, թե կարող է նշել մի քանի շենք, որոնք քանդելու ժամանակ իր սիրտը մրմռացել է, Մեսչյանն ասաց. «Ճիշտն ասած իմ սիրտն ամեն ինչի համար էլ մրմռացել է, բայց ես ոչ մի իրավասություն չունեի կանգնացնելու»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախկին գլխավոր ճարտարապետներն ունեցել են իշխանությունների լիակատար աջակցությունը, Մեսչյանն ասաց, որ դա շատ մեծ խաբկանք է: «Իմ աջակցությունը դա քաղաքաշինության օրենքներն են, իմ աջակցությունն այն է, որ հնարավորինս պետք է մտածեմ քաղաքացիների մասին: Իմ գլխավոր միսիան է, որ առաջին հերթին հեշտացնեմ  նրանց կյանքը: Իմ աջակիցը օրենքն է: Իսկ եթե դուք կոնտեքստով հարց եք տալիս, թե ունեմ աջակցություն քաղաքապետի կողմից, եթե չունենայի՝ ես այստեղ կնստե՞ի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ