26 10 2018

Արցախում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս

Արցախում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս

«Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերությունը Քաշաթաղում նախատեսում է նոր տներ կառուցել: Առաջարկ է եղել, այդ բնակելի հատվածն անվանվի «Սիդնեյ» թաղամաս։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը։  

«Ներդրումային ընկերությունն իր ծրագրերն ընդլայնելու համար աշխատում է տարբեր երկրների ներդրողների հետ: Այս անգամ՝ աշխատելով Սիդնեյի մեր հայրենակիցների հետ, նրանց կողմից որոշում կայացվեց ներդրումներ կատարել Արցախում: Քանի որ բնակարանաշինության ծրագիրը կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով, հետևաբար առաջարկ կա թաղամասը անվանել «Սիդնեյ»,- ասաց Վահան Գասարջյանը: Շուտով հոգաբարձուների խորհրդին կներկայացվեն Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 և Քարվաճառ քաղաքի շուրջ 40 բնակարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

«Մենք այս ընթացքում գործունեություն ենք ծավալել Քաշաթաղում, Շահումյանում: Ներդրումներ են կատարվել գյուղատնտեսության, բնակարանաշինության ոլորտներում: Արդյունքները գոհացուցիչ են, բավական աշխուժություն է մտցվել այդ թաղամասերում: Որոշներն այդ գումարներով նոր գյուղատնտեսական ծրագրեր են սկսում, որոշները եղածը ընդլայնում: Տների կառուցումն էլ նպաստում է տեղի բնակիչների թվի ավելացմանը: Արդեն բնակվողներ կան Սիրիայից, Լիբանանից»,-ասաց  Վահան Գասարջյանը: Նոր կառուցվող տները լինելու են 2 կամ 3 սենյականոցներ: Տրամադրվելու են բազմազավակ ընտանիքներին, ազատամարտիկներին, նրանց, ովքեր Արցախ են տեղափոխվում բնակվելու համար, և այլն:

Վահան Գասարջյանն ընդգծեց, որ «Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը մի հարթակ է, որի միջոցով տարբեր երկրներից ցանկացողները ներդրումներ են կատարում Արցախում: Ներդրումային ճանապարհով նպաստում են, որ մարդիկ գան Արցախ բնակվեն, աշխատեն:

«Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը տարիներ առաջ իր գործունեությունը սկսել է 12 ներդրողով: Հիմա արդեն ներդրողների թիվը 200-ից անցել է: Հիմնական ներդրողները Լիբանանից են, կան Ֆրանսիայից, արաբական երկրներից, Ավստրալիայից և այլ երկրներից: Առաջիկայում նախատեսում են աշխատել ԱՄՆ-ի, եվրոպական այլ երկրների ուղղությամբ: Ներդրողները գումարներն Արցախի կառավարությանն են տրամադրում մատչելի տոկոսադրույքով: Կառավարությունն էլ իր հերթին որոշ հատվածը սուբսիդավորում է:

«Մեր հիմնական ներդրողները հայ են, նրանք հասկանում են, որ սրանք պարզապես բիզնես ծրագրեր չեն, գումար աշխատելու խնդիր չէ, այլ դրանով Արցախն են ուժեղացնում»,-ասաց նա:

«Արցախ Րութս ինվեսթմենթ»-ը մտադիր է անցկացնել ներդրումային համաժողով ներկայացնելու իր իրականացրած աշխատանքը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ