Բրիտանական Enterprise Times պարբերականը հրապարակել է բարձր տեխնոլոգիաների զարգացման համար նպաստավոր պայմաններ ունեցող քաղաքների թոփ տասնյակը։ Երևանը հայտնվել է ցանկի 4-րդ հորիզոնականում։
Առաջին հորիզոնականում հայտնվել է Սան Ֆրանցիսկոն, որի «Սիլիկոնյան հովտում» 39 ընկերության գրասենյակներ են տեղակայված, ինչպես նաև հազարավոր ստարտափերի գրասենյակներ:
Երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է, որը երբեք չի քնում, ոչ միայն ֆինանսական աշխարհի կենտրոնն է, այլև վենչուրային կապիտալի ծաղկման վայր է։
Առաջատար եռյակը եզրափակում է Օսթինը, որտեղ տեղակայված են Cisco, eBay, Facebook, Google, IBM, Indeed, Intel և մի շարք այլ ընկերությունների գրասենյակները:
Չորրորդ հորիզոնականում Երևանն է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2025 թվականում ՀՀ-ում տեխնոլոգիական ոլորտում նորարարությունների աճի շնորհիվ ծրագրավորողների պահանջարկը կեռապատկվի և կհասնի 30 000-ի: Ընդգծվում է, որ Հայաստանում ապրուստի արժեքը բավականին ցածր է, հանցավորության մակարդակը՝ նույնպես, իսկ մշակույթը բազմազան է։
ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներ ունեցող քաղաքների լավագույն հնգյակը եզրափակում է Սինգապուրը։ Այն Ասիայի տեխնոլոգիաների կենտրոններից մեկն է, կրթության հրաշալի վայր։
Վեցերորդ հորիզոնականում Մելբուրն է։ Այն հարուստ է դիզայներական ստուդիաներով։
Յոթերորդը Լոնդոնն է, որն արագ տեմպերով դառնում է բազմատեսակ նորարարությունների հանճարների կենտրոն։
Ութերորդ հորիզոնականում Ստոկհոլմն է։ Այն հանդիսանում է Հյուսիսային Եվրոպայի արագ զարգացող տեխնոլոգիական կենտրոն, որտեղ 2016-ին այս ոլորտում ավելի քան 1.4 մլրդ դոլարի ներդրում է կատարվել։
Բանգալորը հայտնվել է լավագույն տասնյակի 9-րդ հորիզոնականում։ Եվս մեկ ասիական զարգացող կենտրոն տեխնոլոգիաների համար, որտեղ գնալով աճում են ՏՏ ընկերությունների թիվը և պրոֆեսիոնալների պահանջարկը:
Տասնյակը եզրափակում է Տորոնտոն։ Այն տեխնոլոգիաների աշխարհում իր տեղն ունի արհեստական ինտելեկտի ոլորտում իրականացվող հետազոտությունների և մշակումների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը