08 10 2018

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել



ՀՀ ԱԱԾ-ն դեռևս 2009 թվականին հանրությանն իրազեկել էր, որ բացահայտվել են «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանի և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցության անդամների կողմից մի շարք աղմկահարույց, առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու դեպքեր, այդ թվում` 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման դեպքը:

ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջին շրջանում իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հաջողվել է պարզել, որ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, հանդիսացել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանը, ով, լարված հարաբերությունների մեջ գտնվելով Արմեն Ավետիսյանի հետ, պատվիրել է վերոնշյալ հանցագործության կատարումը: 

Հարձակումը դյուրին դարձնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար Լևոն Սարգսյանը Արմեն Ավետիսյանի հետ անմիջական շփումներ ունեցած, նրա մոտ աշխատած և վերջինիս առանձնատան կառուցվածքին քաջատեղյակ իր ազգական Ս.Ղ-ի միջոցով ձեռք է բերել և խմբին տրամադրել առանձնատան մանրամասն գծագիրը: Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և վերցրել է իրեն հետաքրքրած ոսկյա զարդերն ու թանկարժեք ժամացույցները: 

2018 թվականի հոկտեմբերին իրականացվել են խուզարկություններ Լևոն Սարգսյանին պատկանող առանձնատանը և բնակարանում, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Նշանակվել է դատաձգաբանական և պայթյունատեխնիկական համալիր փորձաքննություն` այլ հանցագործություններում զենքի գործածված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով: 

Քրեական գործով  բավարար ապացույցների համակցությամբ, Լևոն Սարգսյանը ներգրավվել է  որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մեղադրանք է առաջադրվել  նաև Լևոն Սարգսյանի ազգական Ս.Ղ-ին, վերջինս կալանավորվել է:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ