07 10 2018

Նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը ինքնասպան է եղել



Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։

Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը՝ Կարո Կարապետյանը, մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։

Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։ Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ Կատարվում է նախաքննություն:

***

Հոկտեմբերի 7-ի առավոտյան Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովունիում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել դեպքի, դեպքի վայրում հայտնված զենքի և այլ մանրամասների մասին։ Էդգար Ջանոյանը մասնավորապես գրել է. «Այսօր Դավիթաշենի 2-րդ թաղամասում գտնվող քարի արտադրամասում գտնվող շինության մեջ հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանը ինքնասպանություն է գործել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ Հ. Ղարագյոզյանը կասկածվում էր Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյի» սպանության և մեկ հոգու էլ հրազենային վնասվածք պատճառելու մեջ:

***

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` Հ. Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ