Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ)։
Նախկին գործընկերների միջև գույքային վեճ է եղել, որը հարթելու համար նրանք հանդիպել են «Այգի» ռեստորանային համալիրում։ Հանդիպման ընթացքում ծագած վիճաբանությունը հանգեցրել է սպանության։ Հանդիպմանը ներկա է եղել նաև երրորդ կողմ։
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել «Յուվեցի» կարոյի սպանության մասին: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են։
Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երեւանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ եւ ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը: Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը