Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 22-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել նաև Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։
Հայտնում էին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը՝ Կարո Կարապետյանը, մահացել է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։Պարզվել է նաև, որ դեպքի վայրում հայտնաբերված «Պիետրո-Բերետտա» ատրճանակը պատկանում է Հ․ Ղարագյոզյանին։
Վերջինս նշված ատրճանակով պարգևատրվել է ՀՀ վարչապետի որոշումով՝ 2001 թվականի մարտի 22-ին։ Դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիում գտնվող շինություններից մեկում հայտնաբերվել է Հ․Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Մահացածի աջ ձեռքում եղել է ատրճանակ։ Նախնական տվյալներով՝ Հ․ Ղարագյոզյանն ինքնասպանություն է գործել։ Կատարվում է նախաքննություն:
***
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։
Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» ռեստորանային համալիրում ժամը 22:40-ի սահմաններում հնչած կրակոցների հետևանքով՝ Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է Կարո Կարապետյանը:
Նույն ռեստորանային համալիրից ՝ հրազենային վնասվածքով «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարգիս Ավագյանը։Դեպքի վերաբերյալ ահազանգից անմիջապես հետո մեկնել է քննչական-օպերատիվ խումբը: Այս պահին ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
***
Քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է վերջինս հրազենային վնասվածքներ ստացել:
***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կ. Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Գ. Շամշյանի տեղեկություններով, եվս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Shamshyan.com-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը