Նոր ձևավորվող Հանրային խորհրդի` կառավարության կողմից նշանակված 15 հոգանոց կազմը ս.թ. սեպտեմբերի 25-ին անցկացրել է առաջին աշխատանքային հանդիպումը։
Աշխատանքային քննարկման ընթացքում գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի նոր անդամներին հակիրճ ներկայացրել է կառույցի դերն ու նպատակները, միջազգային կապերն ու համագործակցության փորձը, աշխարհում նմանատիպ կառույցների գործունեությունը։
Այնուհետև քննարկվել է Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և ՀԽ վերջնական 45 հոգանոց կազմի հաստատման ընթացակարգը, որը ըստ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի` կտևի շուրջ 2 ամիս:
Քննարկման ընթացքում 15 հոգուց կազմվել են նաև աաշխատանքային խմբեր, որոնք պետք է համակարգեն հանձնաժողովների ձևավորման գործընթացը:
Մասնակիցները եկել են համաձայնության, որ կազմակերպչական գործընթացը կհամակարգի Վազգեն Մանուկյանը:
Հանրային խորհրդի ձևավորման հաջորդ փուլը կսկսվի հայտարարությամբ` ուղղված հասարակության լայն շերտերին` ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների կազմում: Հայտարարության մեջ կներկայացվի հաձնաժողովների ցանկը, հանձնաժողովներում ընդգրկվելու կարգը, պայմաններն ու չափորոշիչները:
Հայտարարությունը (որի տեքստը աշխատանքային հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել է) կհրապարակվի Հանրային խորհրդի վերաբերյալ ՀՀ կառավարության ս.թ. սեպտեմբերի 6-ի որոշումը պաշտոնապես հրապարակելուց անմիջապես հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը