Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում լրացուցիչ մանրամասներ է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունից.
«Պայթյունի հետևանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թևի թեթև վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին և ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության և աշխատակիցների անվտանգությանն առնչվող որևէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:
Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները և հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը