23 09 2018

Երևանը քաղաքապետ է ընտրում

Երևանը քաղաքապետ է ընտրում

Սեպտեմբերի 23-ին ժամը 8-ից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր», «Առաքելություն» կուսակցությունները և հեղափոխությանն ակտիվ մասնակցած անհատներ, ներկայացրել է 170 հոգանոց ցուցակ: «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուն վերջերս ՔՊ-ին միացած դերասան Հայկ Մարությանն է:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ամենամեծ ցուցակն է ներկայացրել՝ 195 հոգուց բաղկացած: ԲՀԿ ցուցակը գլխավորում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միավորումից ստեղծված «Լույս» դաշինքն ավագանու ընտրություններին գնում է 112 հոգանոց ցուցակով:

Առաջին համարը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է:

Երևանի ներկայիս ավագանու մաս կազմող «Երկիր Ծիրանի» կուսակցության 56 հոգուց բաղկացած ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Վարդանյանը:

«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Դաշինքը ներկայանում է 47 հոգանոց ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցությունը ԿԸՀ է փոխանցել 49 հոգանոց ցուցակ: Քաղաքական ուժի ցուցակի առաջին համարը կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ներկայացրել է 77 հոգանոց ցուցակ: ՀՅԴ քաղաքապետի թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է:

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված է 115 հոգով: Ցուցակը գլխավորում է ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

ՀՀՇ և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները Երևանի ընտրություններին մասնակցում են «Երևանցիներ» դաշինքով: 53 հոգանոց ցուցակի առաջին համարը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն է:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը ներկայացրել է 33 հոգանոց ցուցակ, որի քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցության քաղաքապետի թեկնածուն Գևորգ Հովսեփյանն է, կուսակցությունը ներկայացրել է 59 հոգանոց ցուցակ:

 «Ռեֆորմիստների կուսակցություն»ը ներկայացված է 29 հոգով: Ցուցակը գլխավորում է Արտակ Ավետյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի ներկայացրած տվյալներով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել է 475 ընտրական տեղամասեր:

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում երկու նախագահ, երեք քարտուղար»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ բոլոր տեղերը համալրված են։ Այս ընտրություններում ևս տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի 1380 տեխնիկական սարքավորումների միջոցով: Ընտրությունների դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ օտարերկրյա   միջազգային կազմակերպություն, իսկ տեղական դիտորդների թիվը 662 է: Ընտրությունների լուսաբանման նպատակով հավատարմագրվել են 44 լրատվամիջոցներ և 5 օտարերկրյա լրատվամիջոցներից՝ 10  ներկայացուցիչ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ