Մենք, որպես առաջարկներ, մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդրի հետ կապված, բայց բոլորը մերժվել են:
Այս մասին սեպտմբերի 18-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի գրասենյակի կողմից մատնանշվող խնդիրները կապված են անվտանգության հետ: «Ըստ այդմ, մենք նրանցից ենք հայցել, որպեսզի տարբերակներ ուղարկեն մեզ: Առայժմ մեզ որևէ բան չի ուղարկվել, և հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Աղաջանյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:
Նրա խոսքով, կառավարությունը շարունակում է նախկին նախագահներին փոխհատուցել օրենքով սահմանված ծախսերը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանինը։
Էդուարդ Աղաջանյանը նշեց նաև, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը